Հայաստանում ձևավորվում է նոր կրթական մշակույթ, որտեղ դպրոցականը ոչ միայն սովորում է, այլ նաև ստեղծում, վերլուծում և ծրագրավորում։ Ապրիլի 27-ին տեղի ունեցավ «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը՝ ազդարարելով արհեստական բանականության ուղղությամբ կրթություն ստացած առաջին սերնդի մուտքը նոր փուլ։
Միջոցառումը կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ Հայաստանի 7 մարզի 14 ավագ դպրոցներից 207 աշակերտ ստացան իրենց ավարտական հավաստագրերը։ Սա պարզապես ավարտական միջոցառում չէր․ սա խորհրդանշական մեկնարկ էր մի սերնդի համար, որը դպրոցն ավարտում է արդեն թվային և տեխնոլոգիական մտածողությամբ։
Ծրագիրը, որը մեկնարկել է 2023 թվականին FAST-ի և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ, նպատակ ունի արհեստական բանականությունը դարձնել դպրոցական կրթության անբաժանելի մաս։ Աշակերտները, որպես հիմնական դասացանկի բաղադրիչ, ուսումնասիրում են խորացված հանրահաշիվ, Python ծրագրավորում և արհեստական բանականության հիմունքներ՝ ներառյալ մեքենայական և խորը ուսուցման սկզբունքները։
Մանրամասները՝ տեսանյութում.