Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում հանդես եկավ բանախոսությամբ՝ ներկայացնելով «իրական Հայաստանի» գաղափարախոսության հիմնադրույթները։ Նա ընդգծեց, որ պետությունն է հայ ժողովրդի ինքնության առանցքը։ Ըստ վարչապետի՝ հայկական ինքնության հիմնական բաղադրիչները՝ քրիստոնեությունը, Հայ առաքելական եկեղեցին և հայոց գրերը, ձևավորվել ու պահպանվել են պետական որոշումների շնորհիվ։

Փաշինյանը նշեց, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն առաջին հերթին պետության և նրա հարատևության մասին է։

««Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետության մասին է: «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը այն մասին է, որ պետությունը ամենակարևոր բանն է, որ մենք՝ որպես ժողովուրդ, կարող ենք ունենալ: Չկա պետությունից ավելի կարևոր բան, և մեր բոլոր ջանքերը, գործողությունները, մեր բոլոր նպատակները և մեր բոլոր պատկերացումները կապված են և կապված պետք է լինեն պետության հետ»,- աաց վարչապետը։

Նա պարզաբանեց, որ պետության հարատևության տեսլականը ենթադրում է Հայաստանը դարձնել քաղաքացիների անվտանգության, բարեկեցության և ազատության ապահովման գործիք, որը պետք է փոխանցվի սերնդեսերունդ և գոյություն ունենա հավիտյան։

Անդրադառնալով հայկական ինքնությունը նենգափոխելու վերաբերյալ քննադատություններին՝ Փաշինյանը հակադարձեց, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հենց ինքնության պաշտպանության մասին է, քանի որ, նրա ձևակերպմամբ, «մեր պետությունը մեր ինքնությունն է, և մեր ինքնությունը մեր պետությունն է»։

Վարչապետն անդրադարձավ հայկական ինքնության երեք հիմնական բաղադրիչներին՝ քրիստոնեությանը, եկեղեցուն և հայոց գրերին։

«Շատ ասվում է, որ հայերը առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդն են․ կներեք, նման բան չկա: Հայերը քրիստոնեությունը առաջին ընդունած ժողովուրդը չեն, հայերը քրիստոնեությունը ընդունած առաջին պետությունն են, այսինքն՝ Հայաստանը քրիստոնեությունը ընդունած առաջին պետությունն է»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ 301 թվականին քրիստոնեության ընդունման հիմքում ընկած է եղել Տրդատ Երրորդ թագավորի պետական հրովարտակը։ Վարչապետի խոսքով՝ 373 թվականին Պապ թագավորի որոշմամբ հայոց եկեղեցու ղեկավարի ընտրությունը տեղափոխվել է Հայաստան՝ հիմք դնելով Հայ առաքելական եկեղեցու անկախությանը։

Փաշինյանն ընդգծեց նաև, որ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումը տեղի է ունեցել Վռամշապուհ արքայի առաջադրած պետական խնդրի շրջանակում։

Խոսելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղակայման մասին՝ վարչապետն անդրադարձավ Մայր տաճարի կառուցման վերաբերյալ ավանդությանը՝ այն կապելով Վաղարշապատի՝ Հայաստանի մայրաքաղաք լինելու հանգամանքի հետ։

«Ավանդությունն ասում է, որ Մայր տաճարը կառուցվել է Միածնի իջման վայրում: Բայց ես ասում եմ, որ Միածնն էլ միամիտ չէ․ Միածին է, բայց միամիտ չէ և գիտի, թե որտեղ պետք է իջներ: Իսկ որտե՞ղ էր իջել նա․ նա իջել էր Հայաստանի մայրաքաղաքում, որովհետև Վաղարշապատը այդ ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն էր»,- ասաց Փաշինյանը։

Եզրափակելով ելույթը՝ վարչապետը շեշտեց, որ իր ներկայացրած պատմական օրինակները վկայում են հայկական ինքնության առանցքային արժեքների ձևավորման և պահպանման գործում պետականության ունեցած որոշիչ դերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

 

Leave a comment