Բրյուսելի վերջին հայտարարություններն ու ձեռնարկված քայլերը խաթարում են Վրաստան-ԵՄ հարաբերությունները և խրախուսում երկրում արմատականությունը։
Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու նախարարություն կատարած այցից հետո։ Այցը տեղի է ունեցել նրա այն հայտարարություններից հետո, ըստ որոնց երկիրը «մութ ժամանակներ» են սպասվում։
«Վրաստանի նկատմամբ Բրյուսելի ներկայիս քաղաքականությունը, նրա քայլերն ու հայտարարությունները խաթարում են կողմերի միջև վստահությունը և վնասում Վրաստան-ԵՄ գործընկերությանը։ Ցավոք, Բրյուսելի գործողությունները կարելի է գնահատել միայն որպես վրացական հասարակության հետագա բևեռացման և արմատական օրակարգի խրախուսմանն ուղղված քայլեր», – ասվում է հայտարարության մեջ։