Ադրբեջանը օկուպացված տարածքներում իրականացնում է մշակութային ոչնչացման հետևողական քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը չի կարելի համարել պատահական կամ տեղային. Հովիկ Ավանեսով

Գրանցվել է ավելի քան 1000 վանդալիզմի դեպք Արցախում։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ներկայացրել է համապատասխան տեղեկանք։

Հայ փորձագետները պարզել են, որ Ստեփանակերտում ադրբեջանական կողմն ավերել է Սուրբ Աստվածածնի Հովանու մայր տաճարը։ Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ հիմնահատակ ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը պատրաստել է տեղեկանք, որը ներառում է տվյալներ Արցախի պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև այդ տարածքում կատարված վանդալիզմի դեպքերի ցանկը։ Փաստաթղթում արձանագրված է ավելի քան 1000 նման դեպք։

Ավանեսովի խոսքով՝ սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումը վկայում է ոչ թե առանձին, մեկանգամյա ավերումների, այլ համակարգային, նպատակաուղղված և, ինչպես նա ընդգծել է, «պաշտոնական Բաքվի ցինիկ քաղաքականության» մասին, որը միտված է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմանը՝ «ջնջելու դրա գոյության հիշողությունը»։

Նա նաև նշել է, որ ոչնչացված հուշարձանների իրական թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել, քանի որ բազմաթիվ դեպքեր չեն հայտնվում հանրային դաշտում, իսկ միջազգային կազմակերպությունների և անկախ կառույցների մուտքը Արցախ փաստացի արգելված է։

«Պետք է հստակ արձանագրել, որ Ադրբեջանը օկուպացված տարածքներում իրականացնում է մշակութային ոչնչացման հետևողական քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը չի կարելի համարել պատահական կամ տեղային․ այն ունի համակարգային և նախապես ծրագրված բնույթ և ուղղված է մշակութային ժառանգության լիակատար վերացմանը», — հայտարարել է Ավանեսովը։
Նա ընդգծել է, որ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումը, պատմական փաստերի խեղաթյուրումը և օտար ժառանգության յուրացման փորձերը հակասում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար սկզբունքներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment