Հունվարի 31-ին Հայաստանում կայացած «Անգլերեն լեզվի» պետական ավարտական և միասնական քննությունը մեծ իրարանցում է առաջացրել դիմորդների և նրանց ծնողների շրջանում
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 31-ին Հայաստանում կայացած «Անգլերեն լեզվի» պետական ավարտական և միասնական քննությունը մեծ իրարանցում է առաջացրել դիմորդների և նրանց ծնողների շրջանում, ովքեր սոցցանցերում դժգոհել են քննական թեստերում առկա սխալներից ու անճշտություններից, ինչպես նաև հարմարավետ պայմանների բացակայությունից։
Ծնողի կարծիք
Լրագրող Յանա Ավչիյանը, ում դուստրը հունվարի 31-ին հանձնում էր անգլերենի միասնական քննությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ թեստի 4-րդ տարբերակում 80 հարցից 21-ում սխալներ են հայտնաբերվել:
«Միայն այն ժամանակ, երբ լսարանը սկսեց եռալ, և մյուս դիմորդները հաստատեցին առաջադրանքների անհեթեթությունը, հանձնաժողովը բարեհաճեց շարժվել։ Արդյունքը՝ թերթիկները վերցրեցին, փոխարինեցին նորերով և ողորմաբար կես ժամ ավելացրին։ Բայց ո՞վ կվերադարձնի երեխաների նյարդերը և անուշադրության պատճառով թույլ տրված սխալները։ Այս 30 րոպեն աղմուկի և տոտալ սթրեսի մթնոլորտում ոչինչ չարժեն. նման «կրկեսից» ընթացքում և դրանից հետո հնարավոր չէ կենտրոնանալ»,- գրել է Ավչիյանը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի ու Կրթության նախարարության պարզաբանումները
Նախօրեին Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը հայտնել էր, որ վրիպակներ են հայտնաբերվել թեստի 2-րդ և 4-րդ տարբերակներում:
«Խոտանված էջերի փոխարեն մասնակիցներին բաժանվել են ուղղված տարբերակների օրինակները: Նրանց, ովքեր գրում էին 2-րդ և 4-րդ տարբերակները, տրամադրվել է լրացուցիչ ժամանակ՝ 30-45 րոպե: Խնդիրը լուծված է»,- հայտարարել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ կարճ ժամանակահատվածում նման ծավալի տպագրության դեպքում սխալներ, որքան էլ անցանկալի լինեն, պատահում են։
Այնուամենայնիվ, ավելի ուշ Գնահատման և թեստավորման կենտրոնը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես են եկել հայտարարություններով՝ կրկնակի քննություն անցկացնելու վերաբերյալ։
«2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան։ Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:
«Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը: Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշվում է հաղորդագրության մեջ։