Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել՝ կայանալու է Եպիսկոպոսաց ժողովը, թե ոչ. համենայնդեպս, Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսների երկիրը լքելու արգելք կա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Արդեն Հայաստանից վեց անդամներ չեն կարող ներկա լինել։ Բնականաբար, դա խոչընդոտ է, քանի որ եպիսկոպոսած ժողովը պիտի ունենա իր քվորումը և պիտի ունենա նաև ներկայությունը եպիսկոպոսների։ Միայն քվորում ապահովելու խնդիրը չէ, ի վերջո կոլեգիալ հարցեր կան, ամեն պարագային ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի այդ եպիսկոպոսաց ժողովը ինչ-որ ձևով խափանվի, խաթարվի, կամ չկատարվի։
Արման Սարոյանի (Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ–խմբ) գործի հետ կապված դատարանը մեկ օրվա ընթացքում որոշում է առել, որպեսզի Մայր աթոռը չխոչընդոտի նրա առաջնորդական պաշտոնի կատարումը, ու նաև նա կարողանա իր բանկային հաշիվները տնօրինել, ինչը անհիմն է, որովհետև որևէ դատական մարմին օրենքի ուժով ոչ մի հոդվածով չի կարող նման հարկադրանք դնել Մայր աթոռի վրա։ Թեմի առաջնորդը պաշտոնյա աշխատող չէ, նա նշանակվում է Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից և առաջնորդը կարող է ուրիշ պաշտոնի փոխվել նորից էլի Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ։ Առաջնորդի հետ որևէ քաղիրավական պայմանագիր չի կնքվում ինչպես որ մի ուրիշ աշխատողի հետ։ Հետևաբար, այստեղ օրենքի որևէ ուժ չկա»,–ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է այդ եպիսկոպոսները հեռավար մասնակցեն Եպիսկոպոսաց ժողովին, Նաթան Սրբազանը պատասխանեց. «Ոչինչ կոնկրետ չեմ կարող ասել, որովհետև ընդամենը երեկ է այդ ամենը եղել, որի համար պետք է քննարկել և որոշումներ առնել»։
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք քննարկվո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «եկեղեցու բարենորոգման արշավին» միացած եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսների կարգալույծ անելու հարցը, նա պատասխանեց. «Երբ կլինի նման քննարկում, դուք կիմանաք, գաղտնի չենք պահելու»։
Հարցին՝ Մայր աթոռը ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի Արման Սարոյանը դուրս գա առաջնորդարանից և այնտեղ ծառայություն իրականացնի Հայր Ռուբենը, նա արձագանքեց. «Հայր Ռուբենըայլևս նշանակված է որպես առաջնորդական տեղապահ և Հայրապետյանը անցել է իր պաշտոնին, իսկ թե զավթված հատվածները ինչ են, սրանք այլևս ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ պիտի արվի և ինչ է արվել։
News.am