ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդգրկված էր Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողն էլ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր:
Նախարարն ասաց, որ նախագիծը քննարկել են առաջին ընթերցման քննարկումների ժամանակ. «Հայաստանում բժշկական կենտրոնների կառավարման շրջանակն ընդլայնվում է, թե միջազգային փորձի դեպքում, թե մասնավոր ոլորտում կազմակերպությունների կառավարման տրամաբանությունը փոխվել է: Մենք այս փոփոխություններն անում ենք՝ կազմակերպությունների ֆինանսատնտեսական, վարչական եւ զարգացմանն ուղղված հնարավորություններն ընդլայնելու համար»:
Նա հավելեց, որ հանձնաժողովի նախորդ նիստին բանավոր որոշակի առաջարկ էր հնչել, որն արդեն ենթաօրենսդրական ակտի շրջանակներում ընդունվել է:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանը հավելեց, որ կառավարության կողմից ներկայացված առաջարկները հիմնականում խմբագրական բնույթի են եղել, եւ բոլորը ներառված են առաջարկների ամփոփաթերթում: Քվեարկության դրվեց նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, բոլորը կողմ քվեարկեցին:
Հանձնաժողովի նիստը տվեց 3 րոպե 44 վայրկյան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: