ԵՄ–ն ծրագրում է օպտիմալացնել ավիավառելիքի բաշխումը. պատճառը Հորմուզի նեղուցի շրջափակումն է

Բաժանորդագրվել

Որոշման նախագծով առաջարկվում են գնումների այլընտրանքային աղբյուրներ գտնելու, ինչպես նաև սեփական նավթավերամշակման և կենսավառելիքի արտադրության ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրամիությունը միջոցառումների փաթեթ է նախապատրաստում` անդամ երկրների միջև ավիացիոն վառելիքի բաշխման օպտիմալացման և մատակարարման այլընտրանքային աղբյուրների որոնման նպատակով։ Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը համապատասխան առաջարկները կներկայացնի ապրիլի 22-ին։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով փաստաթղթի նախագծին։

Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն ներմուծում է սպառվող ավիավառելիքի մոտ 40 տոկոսը, ընդ որում՝ մատակարարումների մոտ կեսն անցնում է Հորմուզի նեղուցով։

Ինչպես ավելի վաղ նշել էր պարբերականը, Եվրամիությունում ավիացիոն կերոսինի առկա պաշարները կբավականացնեն մինչև ապրիլի վերջ, սակայն դրանից հետո հնարավոր է` պակասուրդ լինի, եթե Հորմուզի նեղուցը չվերսկսի աշխատանքը։ Մասնավորապես նիդեռլանդական KLM ավիաընկերությունը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ կարող է չեղարկել մինչև 80 չվերթ Ամստերդամից և հակառակ ուղղությամբ։

Փաստաթղթի նախագծով նախատեսված են նաև միջոցառումներ ավիափոխադրումների կրճատման դեպքերի համար և վառելիքի սպառման նվազեցմանն ուղղված այլ քայլեր։

Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մասնագիտացված կենտրոն՝ ներմուծման այլընտրանքային աղբյուրներ գտնելու և սեփական արտադրությունն ընդլայնելու համար, այդ թվում՝ կենսավառելիքի զարգացման հաշվին։

Leave a comment