Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն

Քաղաքականություն

19.04.2026 | 17:17

Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի հրապարակումը գնահատել որպես սատանիզմի քարոզչություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ուսումնասիրելով դատական որոշումները։ Դատավորների կարծիքով՝ «սատանիզմի միջազգային շարժման» խորհրդանիշներ են համարվում նաև շրջված քառաթև քրիստոնեական խաչը, հնգաթև աստղը (պանտագրամմա), Բաֆոմետի պատկերումը (այծի գլխով առասպելական էակ, որը երբեմն ասոցացվում է Սատանայի հետ)։

«Ամենատարածված տեսողական ձևափոխումները ներառում են մեկ կամ կրկնակի շրջանագծի մեջ տեղադրված պանտագրամմա, յոթնակի նշան, այդ թվում՝ կոմպոզիցիայի մեջ Բաֆոմետի պատկերով, ինչպես նաև 666 թիվը»,- նշվում է դատարանի որոշումներից մեկում։

Գործակալությունը ներկայացնում է վարչական գործերի օրինակներ՝ ծայրահեղական կազմակերպությունների խորհրդանիշների ցուցադրման վերաբերյալ, որոնցում հանդիպել է «666» թիվը։

Տյումենի բնակչին տուգանել են 1000 ռուբլի՝ սոցիալական ցանցում Բաֆոմետի պատկերներ, «666» թիվ, շրջված պանտագրամմա և զոհաբերության ծեսի պատկերներ հրապարակելու համար։ Վորոնեժում «ՎԿոնտակտե»-ի օգտատիրոջը տուգանել են 1000 ռուբլի՝ երեք վեցյակների, պանտագրամմայի, շրջված խաչի և Satan գրության համար։ Տոմսկում հատուկ պահման վայրերից մեկի աշխատակիցները վարչական կալանք կրող տղամարդու մոտ նկատել են մատների վրա դաջվածքներ՝ «666» թվով և «նացիստական ռունաներով»։ Արդյունքում նրա նկատմամբ կազմվել է նոր արձանագրություն և նշանակվել ևս 14 օր կալանք։

ՌԴ Գերագույն դատարանը 2025 թվականի հուլիսին «Սատանիզմի միջազգային շարժում» անվանմամբ գոյություն չունեցող կազմակերպությունը ճանաչել է ծայրահեղական։

Leave a comment