GALLUP-ի հարցման մասնակիցների շուրջ 30%-ը օդի աղտոտվածությունը անվանել է Երևանի ամենակարևոր խնդիրը
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ GALLUP-ի հարցման մասնակիցների շուրջ 30%-ը օդի աղտոտվածությունը անվանել է Երևանի ամենակարևոր խնդիրը: Այս մասին հայտնել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:
Ըստ նրա՝ հարցվածների 26,5%-ն առանցքային խնդիրների թվին է դասել տրանսպորտային խցանումները, 22,6%-ը՝ ճանապարհների վատ վիճակը, 16,3%-ը՝ աղբահանության հետ կապված խնդիրները, իսկ 15%-ը՝ հասարակական տրանսպորտի վիճակը։
Այլ խնդիրների թվում հարցվածները նշել են նաև փողոցների մաքրումը ձյունից (8,7%), գնաճը (6%), հասարակական տրանսպորտի վճարման նոր համակարգը (4,7%), ապօրինի շինարարությունը (4,2%) և հանցավորության աճը (3,7%)
Խցանումների աճի մասին
Բացի այդ, հարցման տվյալների համաձայն, հարցվածների 82%-ը հայտարարել է, որ 2025 թվականին Երևանում տրանսպորտային խցանումներն ավելացել են: Ըստ Նավասարդյանի ներկայացրած տվյալների՝ հակառակ կարծիքին է հարցվածների 4,5%-ը, իսկ ևս 11,6%-ը նշել է, որ իրավիճակը մնացել է անփոփոխ:
Հեռախոսային հարցումն անցկացվել է հունվարի 19-23-ը, որին մասնակցել է 601 մարդ։