Ներկայացնում ենք Time ամսագրի կայքում հրապարակված Ray Dalio: We May Be Entering a World War հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ռեյ Դալիոն Bridgewater Associates-ի՝ աշխարհի ամենախոշոր հեջային ֆոնդի հիմնադիրն է: Ֆոնդն այսօր կառավարում է մոտ 170 միլիարд դոլարի ակտիվներ:
Դալիոն ներդրումային կառավարման ոլորտում ներմուծել է արմատական թափանցիկության և ալգորիթմային որոշումների կայացման նորարարական մոտեցումներ՝ մշակելով իր «Սկզբունքները»՝ գաղափարների և պրակտիկաների ամբողջական համակարգ:
Ռեյ Դալիո
Որպես ավելի քան 50 տարվա փորձ ունեցող համաշխարհային ներդրող, ուսումնասիրում եմ վերջին 500 տարիների ընթացքում շուկաների վրա ազդող ամեն ինչը, որպեսզի իմանամ՝ ինչպես վարվել գալիք իրավիճակներում: Եվ ինձ թվում է, որ շատերը հակված են կենտրոնանալ եւ արձագանքել այդ պահին տեղի ունեցող ուշագրավ իրադարձություններին, օրինակ՝ ինչ է հիմա կատարվում Իրանում, եւ բաց թողնել շատ ավելի մեծ, ավելի կարեւոր եւ երկարաժամկետ գործընթացները, որոնք որոշում են, թե ինչ է կատարվում հիմա եւ ինչ է տեղի ունենալու հետագայում։
Օրինակ՝ վերջին վերնագրերը հիմնականում վերաբերում էին ԱՄՆ-Իսրայել-Իրան երկշաբաթյա հրադադարին։ Սակայն ես կարծում եմ, որ Իրանի հակամարտությունը մասն է ավելի մեծ պոտենցիալ համաշխարհային պատերազմի, որի մի կողմում են Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը, իսկ մյուս կողմում՝ Միացյալ Նահանգները եւ ԱՄՆ ռազմական բազաներ ունեցող երկրները։
Կուզեի սխալված լինել, բայց վախենում եմ, որ մենք մտնում ենք համաշխարհային պատերազմի մեջ։
Իհարկե, Հորմուզի նեղուցի հետ կապված իրադարձությունները (ամենակարեւորը՝ արդյո՞ք Իրանից կխլեն դրա միջով անցնելու վերահսկողությունը, եւ որ երկրներն են պատրաստ արյուն եւ փող ծախսել դրա համար) բազմապիսի ծանր հետեւանքներ կունենան ամբողջ աշխարհում: Հարց է նաեւ, թե արդյոք Իրանը դեռ կկարողանա հրթիռների եւ միջուկային զենքի միջոցով վնասել իր հարեւաններին, ինչքան զորք կուղարկի ԱՄՆ-ն տարածաշրջան, բենզինի գինը եւ ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները: Այս բոլոր կարճաժամկետ հարցերը կարեւոր են, բայց դրանք շեղում են իսկապես մեծ, շատ ավելի կարեւոր բաներից: Ավելի կոնկրետ՝ մարդկանց մեծ մասը հակված է տեսնել կարճաժամկետ հեռանկարը, ուստի նրանք այժմ սպասում են, իսկ շուկաները՝ գնահատում, որ այս պատերազմը երկար չի տեւի, եւ երբ այն ավարտվի, մենք կվերադառնանք «նորմալ» կյանքի: Ոչ ոք չի խոսում այն մասին, որ մենք համաշխարհային պատերազմի վաղ փուլերում ենք, եւ այն շուտով չի ավարտվելու:
Փոխկապակցված հակամարտություններ
Գուցե չափազանցություն է ասել, որ համաշխարհային պատերազմի մեջ ենք, բայց անվիճելի է, որ մեր փոխկապակցված աշխարհում տեղի են ունենում մի շարք պատերազմական գործողություններ (օրինակ՝ Ուկրաինա-Ռուսաստան-Եվրոպա-ԱՄՆ պատերազմը, Իսրայել-Գազա-Լիբանան-Սիրիա պատերազմը, Եմեն-Սուդան-Սաուդյան Արաբիա-ԱՄԷ պատերազմը, որին մասնակցում են նաեւ Քուվեյթը, Եգիպտոսը, Հորդանանը եւ այլ երկրներ, եւ ԱՄՆ-Իսրայել-Ծոցի համագործակցության խորհուրդ (ԾԾԽ)-Իրան պատերազմը): Այս պատերազմների մեծ մասում ներգրավված են խոշոր միջուկային տերություններ, եւ կան նաեւ նշանակալի «առանց կրակոցների» պատերազմներ (այսինքն՝ առեւտրային, տնտեսական, կապիտալի, տեխնոլոգիական եւ աշխարհաքաղաքական ազդեցության պատերազմներ), որոնց մեջ ներգրավված է երկրների մեծ մասը: Միասին վերցրած՝ այս հակամարտությունները դասական համաշխարհային պատերազմ են, որը նման է անցյալի համաշխարհային պատերազմներին:
Դրանք սովորաբար տեղի էին ունենում առանց որեւէ հստակ մեկնարկի կամ պատերազմի հայտարարման: Անցյալի եւ ներկայիս պատերազմների այդ օրինակները համապատասխանում են դասական համաշխարհային պատերազմի դինամիկային, որն ազդում է բոլոր ոլորտների վրա:
Երկրները կողմ են բռնում
Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես են դասավորվում կողմերը եւ ինչպիսին են նրանց հարաբերությունները։
Հեշտությամբ կարելի է տեսնել, թե ինչպես են կողմերը դասավորվում՝ դատելով այնպիսի ցուցանիշներից, ինչպիսիք են պայմանագրերը եւ պաշտոնական դաշինքները, ՄԱԿ-ում քվեարկությունները, առաջնորդների հայտարարությունները եւ գործողությունները։ Օրինակ՝ կարելի է տեսնել, թե ինչպես է Չինաստանը սատարում Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը՝ Իրանին, Հյուսիսային Կորեային, Կուբային եւ Վենեսուելային, իսկ այդ խումբը դեմ է Միացյալ Նահանգներին, Ուկրաինային, եվրոպական երկրների մեծ մասին, Իսրայելին, Ծոցի համագործակցության խորհրդի պետություններին, Ճապոնիային եւ Ավստրալիային։
Թեեւ ասում են, որ Չինաստանը հատկապես տուժում է Հորմուզի նեղուցի փակումից, դա այդպես չէ, քանի որ Չինաստանի եւ Իրանի փոխադարձ աջակցությունը, հավանաբար, թույլ կտա անարգել տեղափոխել Չինաստան առաքվող նավթը։ Բացի այդ, Չինաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների շնորհիվ Չինաստանը նավթ կստանա նաեւ Ռուսաստանից։ Չինաստանն ունի էներգիայի այլ մեծ աղբյուրներ (ածխային եւ արեւային) եւ նավթի հսկայական պաշարներ։ Ուշագրավ է նաեւ, որ Չինաստանը սպառում է Իրանի նավթի արտադրության 80%-ից 90%-ը, ինչը մեծացնում է Իրանի հետ հարաբերությունների կշիռը։ Հաշվի առնելով սա՝ այս պատերազմի համեմատական տնտեսական եւ աշխարհաքաղաքական հաղթողներն են Չինաստանն ու Ռուսաստանը։ Թեեւ, անշուշտ, Միացյալ Նահանգները համեմատական առավելություն ունեն համաշխարհային էներգետիկ տնտեսագիտության առումով, քանի որ էներգիա արտահանողի նախանձելի դիրքում են։
Պատմությունը կրկնվում է
Պատմության ուսումնասիրությունը անչափ արժեքավոր է ինձ համար եւ օգնում է հասկանալ ներկա իրադարձությունները համատեքստում։
Պատմության եւ տրամաբանության մեջ մի քանի նմանատիպ դեպքերի ուսումնասիրությունը ակնհայտ է դարձնում, որ այն, թե ինչպես է ԱՄՆ-ն (1945 թվականից հետո աշխարհակարգի գերիշխող տերությունը) պատերազմում Իրանի (միջին տերություն) դեմ, որքան գումար եւ ռազմական տեխնիկա է ծախսում ու սպառում, եւ որքան լավ է պաշտպանում (կամ չի պաշտպանում) իր դաշնակիցներին, կդիտարկվի այլ ազգերի կողմից եւ հսկա ազդեցություն կունենա համաշխարհային կարգի փոփոխության վրա։ Ամենակարեւորը՝ մենք գիտենք, որ Իրանի հետ պատերազմում տեղի ունեցողը մեծապես կազդի նրա վրա, թե ինչպես կգործեն այլ երկրները (ամենակարեւորը՝ Ասիայի եւ Եվրոպայի պետությունները), եւ դա կպայմանավորի աշխարհակարգի փոփոխությունը։
Բնական է քննել, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ի հետ, որը մինչեւ 800 ռազմաբազա ունի 70-80 երկրներում (Չինաստանն ունի միայն մեկը) եւ պարտավորություններ, որոնք առաջացնում են խոցելիություններ ամբողջ աշխարհում: Ակնհայտ է, որ գերընդլայնված տերությունները չեն կարող հաջողությամբ պատերազմել երկու կամ ավելի ճակատներում, ինչը հարց է առաջացնում՝ արդյո՞ք ԱՄՆ-ն ունակ կլինի պատերազմելու մեկ այլ ճակատում (օրինակ՝ Ասիայում եւ/կամ Եվրոպայում):
Զարմանալի չի լինի, եթե Ասիայում խնդիրներ սկսվեն, որոնք կբացահայտեն մարտահրավերներին դիմակայելու Միացյալ Նահանգների հնարավորությունը: Դա դժվար կլինի, քանի որ ԱՄՆ-ն զբաղված է Մերձավոր Արեւելքով, իսկ միջանկյալ ընտրություններից առաջ ամերիկյան հանրությունը չի աջակցում Իրանի հետ պատերազմին, ուստի մեկ այլ ճակատում պատերազմը անհավանական է:
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դինամիկային հետեւող այլ երկրներ կարող են փոխել իրենց հաշվարկներն ու վարքագիծը եւ վերաձեւավորեն համաշխարհային կարգը։ Տրամաբանական է, որ ԱՄՆ ռազմաբազաներ ունեցող երկրների առաջնորդները, որոնք ակնկալում են ԱՄՆ-ի պաշտպանությունը, դասեր կքաղեն եւ կփոխեն վարքագիծը։
Նմանապես կարելի է եզրակացնել, որ ցանկացած երկիր, որը մոտ է ռազմավարական նշանակություն ունեցող որեւէ նեղուցի եւ/կամ ունի ամերիկյան բազաներ իր տարածքում, եւս դասեր կքաղի Իրանի պատերազմից։ Վստահեցնում եմ, որ սրա մասին են հիմա մտածում աշխարհի առաջնորդները։
Ահա նախկինում բազմիցս տեղի ունեցածի ընդհանուր օրինաչափությունը, որի մասին նրանք մտածում են.
1. Գերիշխող համաշխարհային տերության (տերությունների) տնտեսական եւ ռազմական ուժեղ կողմերը նվազում են՝ համեմատած զարգացող համաշխարհային տերության (տերությունների) ուժեղ կողմերի հետ: Նրանք դառնում են համեմատելի տերություններ եւ սկսում են մարտահրավեր նետել միմյանց տնտեսական եւ ռազմական հակամարտությունների միջոցով։
2. Տնտեսական պատերազմների աճը տեղի է ունենում տնտեսական պատժամիջոցների եւ առեւտրային շրջափակումների տեսքով։
3. Ձեւավորվում են տնտեսական, ռազմական եւ գաղափարախոսական դաշինքներ։
4. Աճում է միջնորդավորված պատերազմների թիվը։
5. Աճում է ֆինանսական սթրեսը, դեֆիցիտը եւ պարտքերը, հատկապես առաջատար տերություններում։
6. Կարեւորագույն արդյունաբերությունները եւ մատակարարման շղթաները գնալով ավելի շատ են վերահսկվում կառավարությունների կողմից։
7. Կարեւորագույն առեւտրային նեղուցները զենք են դառնում։
8. Ստեղծվում են պատերազմի նոր հզոր տեխնոլոգիաներ։
9. Միաժամանակ ռազմական գործողություններ են տեղի ունենում մի քանի թատերաբեմերում։
10. Երկրների ղեկավարությունը պահանջում է քաղաքացիների հավատարիմ աջակցությունը՝ ճնշելով չենթարկվողներին:
11. Խոշոր տերությունների միջեւ տեղի են ունենում ուղղակի ռազմական գործողություններ։
12. Պատերազմները ֆինանսավորելու համար աճում են հարկերը, պարտքերի թողարկումը, արժութային եւ կապիտալի վերահսկողությունը եւ ֆինանսական ճնշումները։ Որոշ դեպքերում շուկաները փակվում են։
13. Ի վերջո, կողմերից մեկը հաղթում։
Ես ունեմ բազմաթիվ ցուցանիշներ, որոնք վկայում են, որ դրամավարկային կարգը, որոշ ներքին քաղաքական կարգեր եւ աշխարհաքաղաքական աշխարհակարգը քանդվում են։ Այս ցուցանիշները ենթադրում են, որ մենք նախնական մարտական փուլից անցնում ենք մարտական փուլ, որը նման է 1913-1914 եւ 1938-1939 թվականների ժամանակաշրջաններին։
Համաշխարհային պատերազմները միշտ չէ, որ մեկնարկի հստակ ամսաթիվ ունեն
Պատմությունը մեզ սովորեցրել է, որ պատերազմները միշտ չէ, որ ունեն մեկնարկի ամսաթիվ: Էրցհերցոգ Ֆերդինանդի սպանությունը, Գերմանիայի ներխուժումը Լեհաստան եւ Փըրլ Հարբորի ռմբակոծությունը բացառություններ են: Հստակ հայտարարված պատերազմներից առաջ սովորաբար ի հայտ են գալիս տնտեսական, ֆինանսական եւ ռազմական հակամարտությունները:
Պատմության մեջ խոշոր պատերազմներին սովորաբար նախորդել են զարգացումներ եւ ցուցանիշներ, օրինակ՝ ռազմական պաշարների եւ միջոցների սպառում, բյուջեների կուտակում, պարտքեր, փողի տպագրություն եւ կապիտալի վերահսկողություն, մրցակից երկրների կողմից մարտնչող երկրների դիտարկում եւ նրանց ուժեղ եւ թույլ կողմերի ուսումնասիրություն: Բոլոր այս գործոնները կարեւոր են, եւ իմ չափումները ցույց են տալիս, որ մենք մտահոգվելու պատճառ ունենք:
Այս փուլում, ըստ դասական զարգացումների, հակամարտությունները սրվում են, ոչ թե մարում, ուստի այն, ինչ տեղի կունենա հաջորդիվ, կախված կլինի նրանից, թե ինչպես կընթանա ԱՄՆ-Իրան պատերազմը: Որոշ երկրներում արդեն վստահ չեն, որ ԱՄՆ-ն կպաշտպանի իրենց, ինչը զուգորդվում է այն ընկալման հետ, որ միջուկային զենքը մեծ պաշտպանական եւ հարձակողական ուժ է։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: