Կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի կարողությունը մոտ 1 մլրդ դոլարով ավելացել է. Նարեկ Կարապետյան

Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, վկայակոչելով ամերիկյան Forbes պարբերականի 2026 թվականի տվյալները՝ տեղեկացրել է, որ Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով՝ կազմելով 4.1 մլրդ ԱՄՆ դոլար:

«Շատ գիտե՞ք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել: Պատկերացրեք՝ որտեղ կբարձրացնի երկրում ապրելու մակարդակը, երբ լինի Հայաստանի վարչապետը: Փոփոխության ժամանակն է»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանքի տակ է գտնվել 2025թ.-ի հունիսի 18-ից. նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեջ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կարապետյանը հայտարարեց, որ միշտ եղել է Հայ եկեղեցու և հայ ժողովրդի կողքին, և եթե քաղաքական գործիչները հաջողության չհասնեն, ապա «մենք պատրաստ ենք մեր ձևով մասնակցել այդ ամենին»:

Ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց նաև տնտեսական բնույթի հանցագործություններ կատարելու համար (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափում և փողերի լվացում): Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքների բոլոր դրվագները։ Նրա պաշտպանները, թիմակիցները, ընդդիմադիր քաղաքական շրջանակը Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ են համարում:

Հունվարի 17-ին «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք:

Leave a comment