Վեր կանգնեք ամեն ինչից ու հնարավորություն տվեք մարդկանց՝ հավատալու արդարադատությանը. տեր Գարեգինի փաստաբան

Շարունակվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով առաջին դատական նիստը։

Մեղադրող դատախազը միջնորդել է ևս երեք ամիս ժամկետով երկարաձգել Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը։

Տեր Գարեգինի փաստաբան Պետրոս Պետրոսյանը հայտարարել է, որ իր պաշտպանլայի նկատմամբ կիրառված անազատության հետ կապված խափանման միջոցը ենթակա է վերացման։

«Եթե դատարանը կգտնի, որ այս փուլում անհրաժեշտ է նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել՝ թեթև, չնչին, շատ նվազագույն ռիսկերը զսպելու համար, կարծում եմ՝ կարող է կիրառվել այդ թվում նաև վարչական հսկողություն՝ հնարավորություն տալով որպես քահանա իր ծիսակարգը կատարելու ու, առհասարակ, որպես քրիստոնյա հնարավորություն տալու անձին պատարագի մասնակցելու, հաղորդություն ստանալու»,- նշել է Պետրոսյանը։

Փաստաբանի խոսքով՝ եթե, այնուամենայնիվ, դատարանը որոշի երկարաձգել տնային կալանքի ժամկետը, գոնե Տեր Հորը հնարավորություն տան ամեն կիրակի ժամը 10։00-ից մինչև 14։00-ն բացակայել մշտական բնակության վայրից, մեկնել Հայ առաքելական սուրբ եկեղեցի ու մասնակցել Սուրբ և անմահ պատարագի, ստանալ հաղորդություն։

Փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ, դիմելով դատավորին խնդրել է, որ վեր կանգնի ամեն ինչից ու հնարավորություն տա մարդկանց հավատալու արդարադատությանը․

«Խնդրում եմ հազարավոր հավատացյալների հնարավորություն տաք, որ շփվեն իրենց հովվի հետ»,-ասել է նա։

The post Վեր կանգնեք ամեն ինչից ու հնարավորություն տվեք մարդկանց՝ հավատալու արդարադատությանը. տեր Գարեգինի փաստաբան appeared first on Times.am.

Leave a comment