Ներկայացնում ենք Բրյուսելում բնակվող արտաքին քաղաքականության փորձագետ Էլդար Մամեդովի Has Israel Become a Liability for Azerbaijan? հոդվածի հայերեն թարգմանությունը:
Էլդար Մամեդովը աշխատել է Լատվիայի արտաքին գործերի նախարարությունում, Վաշինգտոնում եւ Մադրիդում Լատվիայի դեսպանություններում։ Նա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում սոցիալ դեմոկրատների խմբի քաղաքական խորհրդականն է։
Էլդար Մամեդով
Ադրբեջանը սկսում է գիտակցել, որ Իսրայելի հետ սերտ ռազմական կապերը առաջացնում են Իրանի զայրույթը։
Նախորդ շաբաթ Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Աբբաս Արաղչին հերթական հեռախոսազրույցն ունեցան եւ կրկին քննարկեցին տարածաշրջանային իրավիճակը։ Զրույցը եւս մեկ անգամ բացահայտեց, թե որքան փխրուն է իրականում Բաքվի եւ Թեհրանի միջեւ լարվածության նվազեցման գործընթացը։
Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին բարձրացրեց անվտանգության եւ շրջակա միջավայրի ռիսկերի հարցը Կասպից ծովի ափին գտնվող իրանական Բանդար Էնզելի քաղաքի վրա Իսրայելի հարվածից հետո։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանը, ինչպես նաեւ Կասպից ծովի մյուս պետությունները, պետք է «ամուր դիրքորոշում» որդեգրեն եւ դատապարտեն հարվածները։ Ի պատասխան՝ Բայրամովն ասաց, որ Բաքուն ակնկալում է, որ Նախիջեւանի օդանավակայանի վրա Իրանի տարածքից շաբաթներ առաջ իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման հետաքննությունը շուտով կավարտվի։
Այս երկխոսությունը վկայում է, որ երկու կողմերն էլ փորձում են կանխել հարաբերությունների սրացումը, սակայն թաքնված լարվածությունը շարունակում է սուր մնալ։ Ադրբեջանի սերտ կապերը ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ խաթարում են այս փխրուն հավասարակշռությունը։ Ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Թեհրանը չեն ցանկանում հարաբերությունների լիակատար խզում։ Սակայն որքան երկար է շարունակվում ԱՄՆ-ի ու Իսրայելի արշավը Իրանի դեմ, այնքան ավելի դժվար է դառնում պահպանել այդ հավասարակշռությունը։
Վերջին տասնամյակների ընթացքում Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը երկու երկրներին մեծ օգուտ է բերել։ Իսրայելը Ադրբեջանին տրամադրել է միլիարդավոր դոլարների արժողությամբ առաջադեմ ռազմական տեխնոլոգիաներ, որոնք վճռորոշ դեր են խաղացել Հայաստանի դեմ 2020 եւ 2023 թվականների Լեռնային Ղարաբաղի պատերազմներում։
Փոխարենը, Ադրբեջանը Իսրայելի համար դարձել է ռազմավարական հետախուզական հենակետ Իրանի հյուսիսային սահմանին եւ հուսալի էներգետիկ գործընկեր. Իսրայելի նավթի ներմուծման շուրջ 40 տոկոսը գալիս է Ադրբեջանից։
Վաշինգտոնում Իրանի դեմ կոշտ դիրքորոշման կողմնակիցները այս առանցքը ներկայացնում էին որպես ԱՄՆ-ի աջակցությամբ ձեւավորված տարածաշրջանային անվտանգության համակարգի հաղթանակ։ Բաքուն ներկայացվում էր որպես իրանական ազդեցության հուսալի հակակշիռ, արեւմտամետ պատնեշ, որը պատրաստ է ռազմավարական ռիսկերի դիմել Իսրայելի հետ կապերի դիմաց։
Սակայն Նախիջեւանում իրանական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակումները բացահայտեցին այն ռազմավարական թերությունները, որոնք ոչ մի գովասանք չէր կարող կոծկել: Ալիեւի «երկաթե բռունցքի» հռետորաբանությունը լավ է գործում Հայաստանի դեմ, սակայն Իրանը Հայաստան չէ: Այն մարտավարությունը, որը կործանարար էր Հայաստանի թույլ զինված պաշտպանական համակարգի դեմ, ինքնասպանություն կդառնար մի տերության դեմ, որը կարող է ճնշող ուժով հակահարված հասցնել Ադրբեջանի խոցելի էներգետիկ ենթակառուցվածքին:
Այդ ենթակառուցվածքը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, եւ գազի հանքավայրերը, գտնվում են իրանական հրթիռների անմիջական հասանելիության գոտում։ Իսրայելա-ամերիկյան հարձակման ֆոնին Թեհրանը ցույց տվեց, որ պատրաստ է եւ կարող է հարվածներ հասցնել երկրի սահմաններից դուրս, ինչպես իրենց մաշկի վրա զգում են Պարսից ծոցի երկրները։
Իրանի հետ ուղղակի բախման դեպքում Ադրբեջանը, հավանաբար, կպարտվի, եւ նախագահ Իլհամ Ալիեւը հասկանում է, թե ինչ խոցելի իրավիճակում է գտնվում։ Ահա թե ինչու, երբ Բաքուն կարող էր փոխհատուցել Իսրայելին Հայաստանի դեմ ցուցաբերած աջակցության համար՝ Իրանի դեմ հյուսիսային ճակատ բացելով, իսկ Նախիջեւանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը հիանալի պատրվակ էր դրա համար, Ալիեւը հրաժարվեց անել դա։ Այնուամենայնիվ, նա այդ միջադեպը որակեց որպես «ահաբեկչական ակտ»։
Նա ընդամենը չորս օրով փակեց Իրանի հետ ցամաքային սահմանը, ապա՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ հեռախոսազրույցից հետո աննկատ վերաբացեց այն։ Լարվածությունը թուլացնելու Ադրբեջանի ձգտումն էլ ավելի ակնհայտ դարձավ, երբ Բաքուն մոտ 80 տոննա սնունդ եւ դեղորայք ուղարկեց Իրան որպես մարդասիրական օգնություն Նովրուզի կապակցությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ադրբեջաներենով շնորհակալություն հայտնեց Բաքվին այդ ժեստի համար, ինչին նրա գործընկեր Բայրամովը պատասխանեց եւ՛ ադրբեջաներենով, եւ՛ պարսկերենով։
Նովրուզի կապակցությամբ ուղարկված օգնությունը պարզապես դիվանագիտական նրբանկատություն չէր։ Դա ազդանշան էր Թեհրանին, Վաշինգտոնին եւ Երուսաղեմին, որ Ադրբեջանը զգուշավոր ուղի է ընտրում։
Ադրբեջանի երկար տարիների փայփայած «Հարավային Ադրբեջան» կոչվող պատրանքի փլուզումն էլ ավելի է թուլացնում Ալիեւի դիրքերը Վաշինգտոնում Իրանի դեմ պատերազմի համատեքստում։ Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ում Իրանի դեմ կոշտ դիրքորոշման կողմնակիցները պնդում էին, որ բավարար աջակցության դեպքում Ադրբեջանը, որպես Իրանի հարեւան երկիր, կարող է հյուսիսից ճնշում գործադրել Իրանի վրա՝ մեծ ադրբեջանախոս բնակչությունը օգտագործելով Թեհրանի դեմ։ Ալիեւն ինքն էր սնուցում այդ տեսակետը՝ պարբերաբար իրանաբնակ ադրբեջանցիներին անվանելով իր «հայրենակիցներ» եւ Բաքուն անվանելով նրանց համար «հույսի փարոս»։
Սակայն այդքան սպասված ադրբեջանական ապստամբությունը այդպես էլ տեղի չունեցավ, չնայած այն հանգամանքին, որ 2026 թվականի հունվարին Իրանում զանգվածային բողոքի ցույցեր եղան, որոնց հաջորդեցին փետրվար եւ մարտ ամիսներին իսրայելա-ամերիկյան հարվածները։ Իրանաբնակ ադրբեջանցիները, բացառությամբ մի քանի էթնո-ազգայնական աքսորյալների, Բաքվից ազատագրում չէին ակնկալում։ Նրանք շարունակում են սերտորեն ինտեգրված լինել երկրի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական կառուցվածքում։
Հավասարակշռությունը պահելու Ալիեւի ջանքերը ավելի են դժվարանում, քանի որ Բաքվի գլխավոր ռազմավարական գործընկեր Թուրքիան Իսրայելի կողմից դիտարկվում է որպես հաջորդ խոշոր սպառնալիք։ Իսրայելի նախկին վարչապետ, ընդդիմության առաջնորդ Նաֆթալի Բենեթը Թուրքիան ներկայացնում է որպես «նոր Իրան» եւ խոստանում հակազդել այդ ենթադրյալ սպառնալիքին: Այն տեսակետը, որ Թուրքիան գլխավորում է «սուննիական առանցքը», որն ընդգրկում է Կատարը, Սիրիան եւ Համասը, ավելի ու ավելի լայն տարածում է ստանում իսրայելական եւ ամերիկյան ռազմամետ շրջանակներում։ Իսկապես, Անկարայի եւ Բաքվի միջեւ Իսրայելի հարցում առկա տարաձայնությունները նոր չեն, եւ մինչ օրս դրանք հաջողվել է արդյունավետորեն կառավարել: Այնուամենայնիվ, թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածության վերսկսումը վաղ թե ուշ կդժվարացնի Ալիեւի հավասարակշռման ռազմավարությունը։
Այսպիսով, Ալիեւը կանգնած է իրական երկընտրանքի առջեւ։ Իսրայելը Բաքվի համար շարունակում է մնալ կարեւոր ակտիվ առնվազն երկու առումով․ նա Ադրբեջանին ռազմատեխնոլոգիական առավելությունն է տալիս Հայաստանի նկատմամբ եւ զգալի լոբբիստական ազդեցություն ունի Վաշինգտոնում, որը Բաքուն հույս ունի օգտագործել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձեւի կասեցման համար։
Այս ակտիվներն այժմ ավելի թանկ են նստում Ադրբեջանի վրա եւ ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ։ Նույնիսկ եթե պատերազմից հետո Իրանը թուլանա, իրանական ռեժիմը դժվար տապալվի։ Եթե անցյալում Բաքուն կարող էր հույսը դնել լարվածության թուլացման փորձված մեխանիզմների վրա, ինչպիսին էր գերագույն առաջնորդի եւ նախագահի հետ բարձր մակարդակի դիվանագիտական երկխոսությունը, Իսլամական Հանրապետության ապագա քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, այսուհետ որոշվելու է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից։ Նրանք Բաքվի նկատմամբ շատ ավելի կասկածամիտ են եւ այն դիտարկում են որպես անվտանգության սպառնալիք՝ Իսրայելի հետ ունեցած կապերի պատճառով։
Աշխարհագրական դիրքը եւ ռազմական ասիմետրիան ընդգծում են այն պարզ ճշմարտությունը, որ Իրանը այնպիսի հարեւան է, որին Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ սադրել։ Երբ ներկայիս առճակատումը հասնի հաջորդ փուլին՝ լինի դա դիվանագիտություն, թե ավելի խորը հակամարտություն, կարելի է ակնկալել, որ Բաքուն լուռ կսկսի հեռանալ այնպիսի հարաբերություններից, որոնք այժմ ավելի մեծ վնաս են տալիս, քան օգուտ։
Թարգմանությունը` Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: