«Մեղադրյալի կարգավիճակ ունեն միայն մարդասպան երկու եղբայրները, մինչդեռ սպանության մյուս կազմակերպիչները շարունակում են ազատ շրջել». Աբովյանում սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը՝ Սրբուհի Գալյանին

Աբովյանում սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը Արսեն Զեյնալյանը գրում է.

«2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյանում ամենադաժան ձևով սպանվեց մեր եղբայրը՝ Սարգիս Արմենի Զեյնալյանը։

Այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն միայն մարդասպան երկու եղբայրները, մինչդեռ սպանության մյուս կազմակերպիչները շարունակում են ազատ շրջել՝ առանց պատասխանատվության։
—-
Ապրիլի 1-ին կայացած առաջին դատական նիստում մարդասպանին բերում են առանց ձեռնաշղթաների և առանց ճաղավանդակի՝ այն դեպքում, երբ խոսքը մի անձի մասին է, որը երկրորդ անգամ է նման ոճրագործություն կատարում։

Դատարանի դահլիճում, բնականաբար օգտվելով իրեն ընձեռված ազատություններից, նա իրեն թույլ է տալիս սադրիչ և ցինիկ վարքագիծ, փորձում է վիրավորել սգակիր հարազատներիս։ Երբ հորեղբայրս արձագանքում է, նա հանում է ծակող ինչ-որ իր և նետում նրա ուղղությամբ՝ վնասելով ոստիկանին։

Բայց արդյունքում կալանավորվում է իմ հորեղբայրը՝ Կարեն Սարգիսի Զեյնալյանը և ևս 2 անձ, նրանց նկատմամբ ընտրվում է 2 ամիս կալանք։

Սա ի՞նչ արդարադատություն է։

Ինչպե՞ս կարող է մեղմ ասած վտանգավոր հանցագործը ազատ շարժվել դատարանում, սպառնալ մարդկանց կյանքին, իսկ տուժող կողմը՝ հայտնվել կալանքի տակ։

Եթե սա է արդարադատությունը, ապա մենք լուրջ հարց ունենք՝ ի՞նչ է իրական արդարությունը և ո՞ւմ համար է այն։

Հարգելի տիկին Սրբուհի Գալյան, բարձր գնահատելով Ձեր աշխատանքը, բայց անհասկանալի է, թե ինչպես է մարդասպանը դատարան բերվել զինված, առանց ձեռնաշղթաների և ճաղավանդակի։

Հուսով եմ Ձեր միջամտությամբ կտրվի գնահատական այս ամենին և նման դեպքերը կբացառվեն գոնե հետագայում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment