Ալիքի բովանդակության մեջ նկատվում է քարոզչական նյութերի զգալի մասնաբաժին, որը գերակշռող չափով առնչվում է «Քաղաքացիական պայմանագր» կուսակցությանը. «Անկախ դիտորդ»

Ուսումնասիրություն

Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» դաշինքն ուսումնասիրել է Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ալիքի Youtube հարթակը։ Որպես ուսումնասիրության ժամանակահատված ընտրվել է 2026 թվականի մարտի 9-29-ը։

📊 Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել է քաղաքական գործընթացները կամ դերակատարներին լուսաբանող բնույթի 140 հրապարակում, որոնցից 18-ը՝ Լուրերի ամփոփիչ թողարկումների հրապարակումներն են Youtube հարթակում։ 140 հրապարակումից 89-ը ենթադրում են պետական մարմինների (Կառավարություն, Ազգային ժողով, նախարարություններ և այլն) գործունեության լուսաբանում և այլ հաղորդումներ, որոնք կախված չեն խմբագրական ընտրությունից կամ քաղաքական սուբյեկտներից։

📢 Մյուս 51 հրապարակումները քարոզչական բնույթի են՝
📍 42 հրապարակում (30%) կրել են քարոզչական բնույթ կամ պարունակել են քարոզչական տարրեր, որոնցից 39-ում հիշատակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 7-ում՝ «Հայաստան» դաշինք, 6-ում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, 2-ում՝ «Միասնության թևեր» կուսակցությունը և մեկական անգամ Մայր Հայաստան, Հայաքվե, Հայ ազգային կոնգրես, Ապրելու երկիր, Ռեֆորմիստներ և Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցություն։

📍 14 հրապարակում (10%) չեն հանդիսացել անմիջական քարոզչություն, բայց ունեցել են քարոզչական ենթատեքստ, որոնցից 13-ում հիշատակվել է ՔՊ-ն, 2-ում՝ Ուժեղ Հայաստանը և 1-ական հրապարակումներում՝ «Միասնության թևեր»-ը, «Հայաստան» դաշինքը և Ռեֆորմիստիները։

🔍 Դիտարկման արդյունքները վկայում են, որ ուսումնասիրված ժամանակահատվածում ալիքի քաղաքական բովանդակության մեջ նկատվում է քարոզչական և քարոզչական ենթատեքստ ունեցող նյութերի զգալի մասնաբաժին, որը գերակշռող չափով առնչվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Միաժամանակ արձանագրվել է, որ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը ունեցել է առավելապես բացասական՝ հակաքարոզչական շեշտադրում։

⚖️ Նշենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ մասի «ա» ենթակետի համաձայն պարտավոր են հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվությունը ներկայացնելիս տրամադրեն թե խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), թե կարծիքների բազմազանությունը:

Ավելին այստեղ

Անկախ դիտորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment