Լեսլի Սզամոզի. ԱԲ դարաշրջանում արդյունավետ բիզնես-առաջնորդությունն ավելի կենսական է, քան երբեւէ

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի Բիզնեսի դպրոցի դեկան, Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագրի տնօրեն Լեսլի Սզամոզիի հարցազրույցը Banks.am-ին:

– Ինչո՞ւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը որոշեց հանդես գալ որպես Fast-Forward 2026 կոնֆերանսի գործընկեր: 

– Որովհետեւ բիզնես-առաջնորդությունը կենսական նշանակություն ունի բիզնեսի զարգացման համար՝ ինչպես Հայաստանում գործող ընկերությունների, այնպես էլ գլոբալ շուկայի համատեքստում: 

Բիզնես-առաջնորդությունը կարեւոր է երկրի զարգացման համար՝ այն հանդիսանում է տնտեսական աճի, նորարարության եւ սոցիալական կայունության հիմնական շարժիչ ուժը: Արդյունավետ բիզնես-առաջնորդները նավարկում են բարդ գլոբալ միտումների մեջ եւ ռազմավարական տեսլականները վերածում են կոնկրետ գործողությունների, որոնք արժեք են ստեղծում ինչպես տնտեսության, այնպես էլ ամբողջ հասարակության համար:

– Կոնֆերանսում քննարկվելու է անկախ տնօրենների ինստիտուտը: Որքանո՞վ է այն կարեւոր հայաստանյան բիզնեսի համար:

– Անկախ տնօրենների ինստիտուտը հայկական բիզնեսի իրական հասունացման վկայություն է: Կան գլոբալ կազմակերպություններ, որոնք զբաղվում են անկախ տնօրենների եւ խորհրդի անդամների ուսուցմամբ ու հավաստագրմամբ՝ օգնելով նրանց հաղթահարել հավանական բացերը գիտելիքի եւ գործնական աշխատանքի միջեւ, ինչպես նաեւ կողմնորոշվել բարդ ու երբեմն հակամարտող բնույթ ունեցող կառավարման խնդիրներում եւ ESG պահանջների կատարման հարցերում:

– Կոնֆերանսի մյուս թեման հայկական բիզնեսի իրավահաջորդությունն է: 

– Բիզնեսի իրավահաջորդությունը հաճախ թերագնահատվող ուղղություն է: Ղեկավարներն ու սեփականատերերը երբեմն այնքան կլանված են լինում ամենօրյա գործառնական աշխատանքով, որ մոռանում են իրավահաջորդության մասին: 

Լեսլի Սզամոզին

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բիզնեսի իրավահաջորդության պլանավորումը պետք է դիտարկել իբրեւ ռազմավարական հրամայական, որն ուղղակիորեն կապված է գործառնական շարունակականության, ֆինանսական կայունության ու երկարաժամկետ աճի ու զարգացման երաշխավորման հետ: 

Իրավահաջորդությունը ապագա ղեկավարների ճանաչման ու զարգացման շարունակական գործընթաց է, որի նպատակը կործանարար «ղեկավարման վակուումի» առաջացումը կանխելն է: Դա նաեւ անձնակազմին խթանելու միջոց է՝ ճանաչելով նրանց, ովքեր պատրաստ են, ցանկանում եւ ունակ են կրել պատասխանատվությունը, երբ ժամանակը գա: Ընտանեկան բիզնեսի դեպքում սա ավելի կենսական նշանակություն ունի, քանի որ հիմնադիրները հաջորդ սերնդին են փոխանցում իրենց «զավակին»:

– Արդյո՞ք այս թեմաները այս կամ այն ձեւով ուսումնասիրվում են ձեր Համաեվրոպական Executive MBA ծրագրի ուսանողների հետ:

– Այո, այս հարցերը մեր Համաեվրոպական Executive MBA ծրագրի ուսանողների հետ մեր աշխատանքի մշտական ուշադրության կենտրոնում են: Ծրագրի առաջին օրվանից մինչեւ ավարտը առաջնորդության այս եւ մյուս հիմնարար տարրերը դառնում են հայկական բիզնեսի հաջորդ սերնդի ձեւավորման հիմքը, որը պատրաստ կլինի մրցակցելու գլոբալ շուկայում: 

Լեսլի Սզամոզին

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Արհեստական բանականության ներկայիս դարաշրջանում արդյունավետ բիզնես-առաջնորդությունն ավելի կենսական է, քան երբեւէ: Այն «ցանկալի»-ից վերածվել է ռազմավարական հրամայականի: ԱԲ-ն չի կարող փոխարինել ղեկավարության մարդկային բաղկացուցիչները՝ ձգտումներ սահմանելու, բարդ բարոյական որոշումներ կայացնելու եւ խոր վստահություն ձեւավորելու կարողությունը: 

Ղեկավարության մարդկային էությունը վճռական է մնալու՝ վաղվա հայկական բիզնեսը կառուցելու գործում:

Leave a comment