ՀՀ-ն հիասքանչ երկիր է՝ անսահմանափակ զբոսաշրջային ներուժով. Երևանում բացվեց Tour EXPO-ն

«Երևան» երկաթուղային կայարանի շենքում այսօր մեկնարկել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ է համախմբել Հայաստանի, Վրաստանի և Կիպրոսի զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ավելի քան 50 կազմակերպության։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։

Ցուցահանդեսի մասնակիցների թվում են հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներ, տրանսպորտային ոլորտի ընկերություններ, տուրօպերատորներ, սննդամթերքի արտադրողներ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ։

ՀԿԵ–ից նշում են, որ այս ցուցահանդեսը ոլորտի պրոֆեսիոնալներին հնարավորություն է տալիս ներկայացնել իրենց առաջարկները, ծանոթանալ զբոսաշրջության ոլորտի նոր միտումներին և ձևավորել նոր համագործակցություններ։

«Միաժամանակ այցելուները կարող են մեկ վայրում ծանոթանալ Հայաստանի և տարածաշրջանի ոլորտային առաջարկներին ու ծառայություններին»,– ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Իր բացման խոսքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում։

«Ուրախ եմ ողջունել ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին մեր հարթակում։ Վստահ եմ, որ Tour EXPO-ն լավ հնարավորություն կլինի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար՝ հաստատելու նոր գործարար կապեր, փոխանակելու փորձը և իրենց ծառայությունները ներկայացնելու լայն հանրությանը։ Այցելուների համար էլ սա լավ հնարավորություն է ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին և ընտրելու ճանապարհորդության հետաքրքիր ուղղություններ»,– նշեց Մելնիկովը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը հիասքանչ երկիր է՝ անսահմանափակ զբոսաշրջային ներուժով, և այս ցուցահանդեսը թույլ կտա բացահայտել այդ ներուժը։

Մելնիկովը խոստովանեց, որ Հայաստանում գտնվելու 7 տարիների ընթացքում տեսել է երկրի տեսարժան վայրերի միայն մի փոքր մասը։

Զբոսաշրջության ոլորտին, ըստ Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության) տնօրենի տեղակալ Եկատերինա Անդրեևայի, մեծ ուշադրություն է դարձնում նաև Երևանում Ռուսական տունը։

Նա նշեց, որ 2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան է այցելել ավելի քան 1 միլիոն զբոսաշրջիկ։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է։ Միջոցառման կազմակերպիչն է «Neo Concept» ընկերությունը, հովանավորը՝ Dilijan Inn հյուրանոցը, պաշտոնական գործընկերը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, իսկ տեղեկատվական գործընկերը՝ Զբոսաշրջության միավորված ֆեդերացիան։

Sputnik Արմենիա

Leave a comment