Ինչպես ճիշտ ընտրել երեխայի դպրոցը․ 3 հուշում

Այս օրերին շատ ծնողներ ընտրում են դպրոց իրենց փոքրիկ զավակների համար, իրենց թանկագին, ամենակարևոր զավակների համար, որոնք պետք է գնան առաջին դասարան։ Եվ բնականաբար մտահոգ են, մտածում են՝ ուր տանենք, ոնց ընտրենք այն դպրոցը, որտեղ պետք է գնա երեխան։

Մի քանի խորհուրդ տամ ձեզ։ Առաջինը՝ գնացեք դպրոցի մոտ և նայեք, թե ինչ դեմքի արտահայտություն ունեն երեխաները, որոնք գալիս են առավոտյան դպրոց։ Արդյոք իրենք ոգևորվա՞ծ են, արդյոք ուզո՞ւմ են գալ դպրոց, արդյոք նրանց աչքերը վառվո՞ւմ են։ Հետո նայեք երեկոյան, երբ նրանք վերադառնում են դպրոցից, դուրս են գալիս։

Արդյոք չե՞ն ուզում մնալ այնտեղ։ Արդյո՞ք նրանց համար այն, որ իրենք պետք է դուրս գան դպրոցից և գնան դեպի տուն, տխո՞ւր է, թե ամենացանկալի բանն է։ Արդյոք իրենք երազո՞ւմ են դուրս վազել այդ դպրոցից և հեռանալ։

Երրորդը՝ նայեք ուսուցիչների աչքերին։ Արդյոք այդ աչքերում կա՞ սեր, ոգևորություն։ Արդյոք այդ աչքերում կա՞ ուշադրություն երեխաների նկատմամբ։ Մեր տարրական դպրոցներում շատ բան կախված է դասվարից։ Դա և շատ լավ է, և շատ վատ։ Շատ լավ է, որովհետև մենք կարող ենք հարցնել ծանոթներին և տեղեկանալ այս կամ այն դասվարի մասին և տանել երեխային նրա մոտ։

Շատ վատ է, որովհետև այդպես չպիտի լինի։ Դպրոցի որակը պիտի գա դպրոցից, այլ ոչ թե դասվարից։ Եվ դուք պետք է միշտ իմանաք՝ դասվարին ընտրելով, որ լավ պահերին նա, իհարկե, կհոգա երեխայի մասին և ամեն ինչ կանի ճիշտ, բայց լինում են դեպքեր, երբ նա արդեն չի որոշում։ Եվ այդ դեպքում դուք արդեն գործ եք ունենալու դպրոցի հետ։ Եվ այն կարող է ձեզ ընդհանրապես մեծ և վատ անակնկալներ մատուցել։ Եվ այդ առումով շատ կարևոր է իմանալ, թե ով է տնօրենը։ Քանի որ նա է որոշում դպրոցի ներքին մշակույթը, թե ինչպիսին է դպրոցը։

Հանդիպեք այդ մարդուն։ Եվ պարզ հարցեր տվեք նրան մանկավարժությունից։ Օրինակ՝ հարցրեք՝ երեխաս անընդհատ շեղվում է, ինչպե՞ս օգնեմ, որ կենտրոնանա։ Եվ եթե այդ մարդը կարողանա ձեզ խելամիտ պատասխան տալ, դուք կհասկանաք, որ նա իսկապես մանկավարժ է, իսկապես հոգում է երեխաների մասին։ Այդ դեպքում դուք կարող եք վստահորեն երեխային տանել այդ դպրոց։

The post Ինչպես ճիշտ ընտրել երեխայի դպրոցը․ 3 հուշում appeared first on CIVILNET.

Leave a comment