Կիվիրյանը և news.am-ը սխալ են․ Ճապոնիայի վարչապետը ծաղիկ չի խոնարհել ատոմային ռումբ նետած ամերիկացի օդաչուի գերեզմանին

Հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում Ճապոնիայի վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցելության հետ կապված սխալ տեղեկություն է տարածել, որն էլ ակամա սխալ եզրահանգման հիմք է դարձել։ 

Նա, մասնավորապես, գրել է«Ճապոնիայի վարչապետ Տակաիտին ծաղկեպսակ է դնում Չարլզ Սուինիի գերեզմանին, այն օդաչուի, ով ատոմային ռումբ է գցել Նագասակիի վրա։ Այնպես որ չզարմանաք, երբ Նիկոլը շուտով ծաղկեպսակներ դնի Թալիաթի գերեզմանին կամ ասենք Խոջալուի հուշարձանի առաջ…»։ 

Այս գրառումը բավականին լայն տարածում է գտել հանրության շրջանում և բուռն քննարկումների առիթ դարձել։

News.am կայքը՝ ռուսալեզու մի աղբյուրի հղմամբ, ևս անդրադարձել է այս այցելությանը՝ հիշեցնելով, որ «այնտեղ (Արլինգտոնի ազգային գերեզմանատանը) է թաղված նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչու Չարլզ Սուինին, որը մասնակցել է 1945 թվականին Ճապոնիայի երկու ատոմային ռմբակոծություններին»։

Պնդումը, թե Ճապոնիայի վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սուինիի գերեզմանին լայնորեն տարածվում է ռուսական մամուլում (1, 2, 3, 4):

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, թե իրականում որտեղ է ծաղիներ խոնարհել Տակաիչին, և որտեղ է հուղարկավորված Չարլզ Սուինին:

Որտեղ է ծաղիկներ խոնարհել Տակաիչին

Մարտի 20-ին Ճապոնիայի վարչապետն այցելել էր Արլինգտոնի ազգային գերեզմանատուն և ծաղիկներ խոնարհել «Անհայտ զինվորի հուշարձանին»։ Սրա մասին հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ-ն։ 

Արտապատկերումը՝ Ճապոնիայի ԱԳՆ կայքից:

Որտեղ է ամփոփված Չարլզ Սուինին

Հանգուցյալների շիրիմների և նրանց վերաբերյալ տեղեկատվության «Find the grave» («Գտիր գերեզմանոցը») ամերիկյան հարթակի տվյալների համաձայն՝ Սուինին հանգչում է ոչ թե Ճապոնիայում, այլ  ԱՄՆ-ում՝ Մասաչուսեթսի ազգային գերեզմանատանը։

Հարթակում ներկայացված տվյալների համաձայն՝ նա մահացել է Բոստոնի հիվանդանոցում 2004 թվականին։ 

Արտապատկերումը՝ «Find the grave» կայքից:

Այսպիսով, պնդումը, թե Ճապոնիայի վարչապետը ծաղիկներ է խոնարհել Չարլզ Սուինիի գերեզմանին, սխալ է։ Այդ երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Ճապոնիայում «Անհայտ զինվորի հուշարձանին», որտեղ ամփոփված չէ Սուինիի մարմինը․ ամերիկացի օդաչուի գերեզմանը գտնվում է Մասաչուսեթսում։ 

Արեն Նահապետյան

The post Կիվիրյանը և news.am-ը սխալ են․ Ճապոնիայի վարչապետը ծաղիկ չի խոնարհել ատոմային ռումբ նետած ամերիկացի օդաչուի գերեզմանին appeared first on FIP.AM.

Leave a comment