Հնարավո՞ր են հոսանքազրկումներ Հայաստանում. փորձագետը՝ Իրանի էլեկտրակայաններին հարվածելու ռիսկերի մասին

ԱՄՆ նախագահի սպառնալիքները՝ Իրանի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ, խնդիրներ կարող է հարուցել նաև Հայաստանի համար: Քանի որ Երևանն ու Թեհրանը սերտորեն համագործակցում են «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով, հարևան երկրի էներգահամակարգի ցանկացած լուրջ խափանում կարող է ցավոտ հարված հասցնել հայկական ցանցին՝ ստեղծելով ընդհուպ մինչև անջատումների վտանգ:

Իրանից խիստ կախվածությունը

Իրանական ներկրումից Հայաստանի խիստ կախվածությունը փաստվում է նաև առևտրային հաշվեկշռի խորը պակասուրդով: 2025 թվականին Իրանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության բացասական սալդոն աճել է՝ հասնելով գրեթե 680 մլն դոլարի՝ նախորդ տարվա 630 մլն դոլարի դիմաց: Իրանից ներմուծման զգալի մասը կազմում են էներգակիրները։ Դեռևս 2009 թվականից իրանական բնական գազը Հայաստան է մատակարարվում բարտերային սխեմայով, որը հայտնի է որպես «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց»։ Պայմանագրի համաձայն՝ յուրաքանչյուր խորանարդ մետր իրանական գազի դիմաց Հայաստանը վերադարձնում է 3 կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա։ 

Այս համաձայնագրի ժամկետը վերջերս երկարաձգվել է մինչև 2030 թվականը։ Թեև Ռուսաստանը մնում է Հայաստանին կապույտ վառելիք մատակարարող հիմնական գործընկերը՝ ապահովելով ներքին պահանջարկի ավելի քան 83 տոկոսը, իրանական գազը շարունակում է կարևորագույն դեր խաղալ երկրի էներգետիկ հաշվեկշռում։ Մասնավորապես, 2024 թվականին Հայաստան է ներկրվել ավելի քան 440 մլն խորանարդ մետր իրանական բնական գազ:

Իրանի էներգահամակարգը «չափազանց հզոր է»

ՍիվիլՆեթի հետ զրույցում այս խնդիրներին է անդրադարձել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ, էներգետիկայի հարցերով փորձագետ Հակոբ Վարդանյանը: Նա նախ շտապել է հանգստացնել՝ նշելով, որ Իրանի էներգահամակարգը «չափազանց հզոր է, դիվերսիֆիկացված և հուսալի»: «Այն շարքից հանելն ու զրոյացնելը մի քանի օրվա ընթացքում գրեթե անհնար է: Նույնիսկ եթե թիրախավորվեն առանձին էլեկտրակայաններ, համակարգն ամբողջությամբ չի փլուզվի», – կարծում է Վարդանյանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 21-ին հայտարարել էր, որ Իրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու համար, հակառակ դեպքում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները կոչնչացվեն: Այդ ժամկետը լրանալուց հետո Թրամփը հրահանգել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ օբյեկտներին և էլեկտրակայաններին ուղղված ռազմական հարվածները։ Պատճառը, ըստ Թրամփի, Վաշինգտոնի և Իրանի կառուցողական քննարկումներն են: 

Այնուամենայնիվ, եթե այդ քննարկումները դրական ելք չունենան, Հայաստանը ևս, ըստ Վարդանյանի պետք է պատրաստ լինի բացասական հետևանքների: 

Նա ընդգծում է հիմնական վտանգը. եթե հարվածների հետևանքով Իրանում առաջանան հաճախականության տատանումներ, հատկապես սահմանամերձ ենթակառուցվածքներում, դա անմիջապես կանդրադառնա Հայաստանի վրա: «Բանն այն է, որ հայկական ցանցի հաճախականության կարգավորումը սերտորեն փոխկապակցված է իրանականի հետ: Խնդիրն առավել սրվում է ներկայիս` գարնանային սեզոնին, երբ Հայաստանում ակտիվանում է արևային կայանների աշխատանքը, որոնք մեծ քանակի էլեկտրաէներգիա են արտադրում», – նկատում է նախկին փոխնախարարը՝ հավելելով, որ դա ստեղծում է ավելցուկ Հայաստանի էներահամակարգում, որն էլ ուղղվում է այլ՝ իրանական շուկա: Հայաստանի էներգահամակարգի համար այն կարգավորիչ դեր ունի: 

Այս համատեքստում Վարդանյանը մատնանշել է նաև մեկ այլ կենսական գործոն՝ ռեակտիվ էներգիան: Ի տարբերություն ակտիվ էներգիայի՝ ռեակտիվն այն «մղող ուժն» է, որն ապահովում է հոսանքի շարժը մալուխներով: Հայաստանը մշտապես ունի այս էներգիայի դեֆիցիտ և այն ներմուծում է Իրանից: «Եթե Իրանից ռեակտիվ էներգիայի հոսքը դադարի, հայկական ցանցում լարումը կընկնի, ինչը կհանգեցնի կայանների վթարային անջատումների», – նկարագրում է հետևանքները փորձագետը:

Իսկ այլընտրանքները որո՞նք են

Խոսելով այլընտրանքների մասին վատագույն սցենարի դեպքում, երբ իսկապես թիրախավորում են Իրանի էլեկտրակայանները և խոցվում են, նախկին փոխնախարարը նշում է, որ հայկական էներգահամակարգի օպերատորը ստիպված կլինի անցնել աշխատանքի նոր, զգալիորեն ավելի թանկ և բարդ ռեժիմի: Դա կարող է ենթադրել արևային կայանների զանգվածային անջատում, ջերմակայանների առավելագույն ծանրաբեռնում և նույնիսկ Մեծամորի ատոմակայանի՝ այս տարի նախատեսված 5-ամսյա պլանային կանգառի վերանայում: Վարդանյանը չի բացառել նաև ամենավատ տարբերակը. եթե ռեժիմային կարգավորման խնդիրները խորանան, Հայաստանում կարող են սկսվել ժամային անջատումներ՝ ոչ թե էլեկտրաէներգիայի պակասի, այլ հենց ցանցի կայունությունը չպահպանելու պատճառով:

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ համակարգերի միացմանը որպես լրացուցիչ կարգավորիչ օղակ, փորձագետը թերահավատություն է հայտնել: Նապ Վրաստանի հետ կապող էլեկտրական գծի հզորությունն է թույլ և այն ոչ լավ վիճակում, բացի այդ, ըստ Վարդանյանի, վրացական համակարգն ինքնին փոքր է և դժվար թե կարողանա ստանձնել կարգավորիչի այն դերը, որն այժմ կատարում է Իրանը:

Անդրադառնալով Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի ձգձգվող շինարարությանը, որը կարող էր օգնել Իրանին հոսանք մատակարարել այդ երկրում էլեկտրաէներգիայի դեֆիցիտի դեպքում, Վարդանյանը նշել է, որ չնայած գծի 85% պատրաստվածությանը, այն լիարժեք չի կարող ծառայել նպատակին: Պատճառը ենթակառուցվածքների բացակայությունն է:  

Փորձագետը հիշեցրել է Նորավանի ենթակայանում տեղադրված 400 կՎ լարման տրանսֆորմատորի թալանման հայտնի դեպքը՝ հավելելով, որ նույնիսկ գծի միայն հարավային հատվածի՝ Նորավանից մինչև Գորիս և Իրան գործարկումը մեծ արդյունք չի տա։ Խնդիրն այն է, որ հանրապետության այդ հատվածում Հայաստանը պարզապես չունի գեներացիայի խոշոր աղբյուրներ։ Նորավանից հարավ միակ լուրջ արտադրական հզորությունը Որոտանի հիդրոկասկադն է, որն աշխատում է բացառապես պիկային ժամերի պահանջարկը փակելու նպատակով, ուստի այն ֆիզիկապես չի կարող ապահովել էլեկտրաէներգիայի կայուն և մեծածավալ արտահանում դեպի հարևան երկիր։

Որպեսզի նոր բարձրավոլտ գիծը ծառայի իր ամբողջական նպատակին և ապահովի հզորությունների տրանզիտը, այն պետք է հասնի հանրապետության կենտրոնական հատված և միանա նախատեսվող «Դդմաշեն» ենթակայանին, որը, սակայն, դեռևս կառուցված չէ։ 

Կաշխատի՞ արդյոք ժամանակավոր սխեման

Նախկին փոխնախարարի խոսքով՝ ժամանակին, կանխատեսելով այս հապաղումը, նախագծվել էր ժամանակավոր սխեմա. նախատեսվում էր Նորավանի գծերը Հրազդանի տարածքում ժամանակավորապես միացնել գործող «Աթարբեկյան» գծին՝ ապահովելով անհրաժեշտ հոսքերը մինչև «Դդմաշենի» կառուցումը։ Սակայն այդ այլընտրանքային, ժամանակավոր սխեմայի ուղղությամբ մինչ օրս որևէ գործնական աշխատանք չի կատարվել։ 

Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ առանց «Դդմաշեն» ենթակայանի կամ գոնե ժամանակավոր միացման՝ Հայաստանը հնարավորություն չունի համակարգի կենտրոնից հոսանք հաղորդել դեպի Նորավան։ Սա երրորդ էլեկտրագիծը վերածում է սահմանափակ կիրառելիությամբ ենթակառուցվածքի, որը ճգնաժամային պահին չի կարող էական աջակցություն ցուցաբերել Իրանի էներգահամակարգերին:

Արշալույս Մղդեսյան

The post Հնարավո՞ր են հոսանքազրկումներ Հայաստանում. փորձագետը՝ Իրանի էլեկտրակայաններին հարվածելու ռիսկերի մասին appeared first on CIVILNET.

Leave a comment