Դատարանը չքննեց Կաթողիկոսի եղբոր՝ Գեւորգ Ներսիսյանի եւ եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի տնային կալանքը վերացնելու միջնորդությունը

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գեւորգ Ներսիսյանի եւ եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստում այսօր հիմնական դատալսումներն ավարտվեցին եւ հաշվի առնելով այդ հանգամանքը պաշտպան Սմբատ Մինասյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալների խափանման միջոց տնային կալանքը։ Դատախազն առարկեց, քանի որ մեղադրյալները հնարավոր է կրկնակի հարցաքննվեն, ուստի այդ իրավիճակում նա նպատակահարմար չի համարում, որ խափանման միջոց փոխվի։

Դատարանը միջնորդությունը մերժեց՝ պատճառաբանելով, որ դատալսումների այս փուլում տվյալ միջնորդությունը քննարկման ենթակա չի համարում։ Այն ավելի ուշ կքննվի։

Հիշեցնենք, Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, կիրառվել է գրավ՝ 1 միլիոն դրամ և բացակայելու արգելք։ Կաթողիկոսի եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը նույնպես փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ՝ տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամի չափով և բացակայելու արգելքով։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment