Ներկայացնում ենք Փրինսթոնի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Յան-Վերներ Մյուլլերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Յան-Վերներ Մյուլլեր
Ամերիկյան պատմության մեջ նախադեպ չի եղել, որ նախագահն իր պատկերը փակցնի կառավարական գերատեսչությունների շենքերին, Սպիտակ տան պատերը զարդարի իր անճաշակ դիմանկարներով, ցանկանա իր դեմքը փակցնել մետաղադրամին, շենքերն անվանակոչի իր անունով (ներառյալ նախկին նախագահների անուններով անվանակոչված շենքերը) եւ իր անունը համակցի «250» թվի՝ երկրի 250-ամյակի հետ։ Դոնալդ Թրամփնն արել է այս ամենը, եւ, չնայած իր կուսակցությունը անցյալում դեմ էր «գերկառավարմանը», հանրապետականները ամրապնդում են նրա անձի պաշտամունքը։
Հիշենք Թրամփի ելույթը երկրի վիճակի մասին։ Հանրապետական կոնգրեսականներից մեկը աղաչեց նախագահին ստորագրել իր փողկապը (որին Թրամփի դեմքն էր), մեկ ուրիշը, որը հայտնի է իր «Թրամփը ճիշտ էր ամեն ինչում» գրությամբ գլխարկով, հայտարարեց, որ «հիացմունք է ապրում»։ Սրանք ամենեւին բացառիկ դեպքեր չեն. այս ամոթալի ներկայացումները ցույց են տալիս, թե ինչի է վերածվել կուսակցությունը։
Անձի պաշտամունքի հիմքում միշտ առաջնորդի նարցիսիզմն է եւ հետեւորդների՝ կարգուկանոնի կամ ուժեղ հեղինակության ցանկությունը: Արդյ՞ոք առաջնորդները արդյունավետորեն կօգտագործեն անձի պաշտամունքը իրենց իշխանությունն ամրապնդելու համար, կախված է կոնկրետ քաղաքական համատեքստից: Թրամփի վարքագիծը ոչ միայն հակասում է հավասարության սկզբունքներով առաջնորդվող քաղաքական մշակույթին, որը փորձում էին սերմանել Ջորջ Վաշինգտոնի նման համեստ առաջնորդները, այլեւ երկարաժամկետ հեռանկարում կթուլացնի իր դիրքերը:
Անձի պաշտամունքը ժամանակակից քաղաքականության մեջ հանդիպում է բազում տարբեր ձեւերով, նույնիսկ եթե հիմքում ընկած գաղափարախոսությունները արմատապես տարբեր են: Մուսոլինին, Հիտլերը, Ստալինը, Մաոն եւ Հյուսիսային Կորեայի Կիմերը ակնհայտ օրինակներ են. Ֆրանսիայի նախագահ, հետո կայսր Նապոլեոն III-ը այս մարտավարության ռահվիրաներից էր: Արդեն 19-րդ դարի կեսերին նա հասկացավ, որ ժամանակակից զանգվածային քաղաքականությունը եւ զանգվածային լրատվամիջոցները կարելի է օգտագործել լեգիտիմություն ստեղծելու համար, նույնիսկ օգտագործել վճարովի երկրպագուներին՝ ժողովրդի կողմից սիրված լինելու տպավորություն ստեղծելու համար:
Որոշ դեպքերում անձի պաշտամունքն օգնել է պահպանել տարասեռ կոալիցիաները: Կուսակցության կամ շարժման տարբեր խմբակցություններ կարող են համաձայն չլինել քաղաքական ծրագրին, բայց դա երկրորդական է, եթե բոլորը մեծարում են նույն առաջնորդին: Միեւնույն ժամանակ անձի պաշտամունքը հաճախ առաջնորդին վեր է հանում իր կուսակցությունից կամ կառավարությունից եւ թույլ տալիս քաղաքական սխալները կամ կոռուպցիան վերագրել կամակոր ենթականերին: Se lo sapesse il Duce («Եթե Դուչեն իմանար») տարածված կրկներգ էր ֆաշիստական Իտալիայում: Նման բաներ էին ասում Գերմանիայում Հիտլերի օրոք եւ Ռուսաստանում ցարերի օրոք:
Անձի պաշտամունքը արդյունավետ է հզոր խորհրդանշական ուղերձներ փոխանցելու համար՝ առանց բարդ գաղափարախոսական բացատրությունների: Օրինակ՝ Ստալինը ներկայանում էր թե՛ որպես աշխատասեր բյուրոկրատ (իր գրասենյակի լույսը վառ պահելով մինչեւ ուշ գիշեր), թե՛ որպես միակ մարդը, որը գիտի, թե ինչպես հասնել կոմունիզմի ավետյաց երկիր: Ահա թե ինչու այդքան շատ նկարներում նա նպատակասլաց նայում է դեպի հեռուն՝ կադրից դուրս դեռեւս ինչ-որ նպատակակետի:
Մուսոլինին էլ, որը սկզբում մտավորական հավակնություններով լրագրող էր, մարմնավորում էր ֆաշիստական տղամարդկության իդեալը՝ ներկայանալով որպես մերկ կրծքով հասարակ մարդ, որն օգնում է բերքահավաքին։ Իսկ Հիտլերի կիսակրոնական ելույթները ամրապնդում էին այն զգացողությունը, որ նախախնամությունը (նացիստների սիրելի հայեցակարգը) իրեն ձեռնադրել է Հազարամյա Ռայխ կառուցելու համար։
Թրամփը, անկասկած, ներկայացումներ բեմադրելու, ռեկվիզիտ օգտագործելու եւ մյուսներին իրենց տեղը դնելու տաղանդ ունի։ Նա Օվալաձեւ գրասենյակը վերածեց արքունիքի, որտեղ շողոքորթները մրցում են իր ուշադրության համար, իսկ նրա կարգախոսները («Կառուցե՛ք պատը») անհերքելիորեն արդյունավետ էին նրա կողմնակիցների շրջանում։ Արդյո՞ք երբեւէ կկառուցվի Թրամփի 2000 մղոնանոց պատը Մեքսիկայի սահմանի երկայնքով՝ կարեւոր չէ. նրա հետեւորդները առնվազն վստահ են, որ նա այդ գծի կողմնակիցն է։
Եվ այնուամենայնիվ, Թրամփի ծրագրի բովանդակությունը եւ նրա ստեղծած պատկերները այլեւս ժողովրդականություն չեն վայելում։ Նույնիսկ զանգվածային արտաքսումների կոչ անողները պատրաստ չեն ընդունել ԱՄՆ քաղաքացիների սպանդը փողոցներում։ Նմանապես նրանք, ովքեր ողջունում են Հանրապետական կուսակցության իսլամաֆոբիան (ըստ կոնգրեսականերից մեկի՝ «մուսուլմանները տեղ չունեն ամերիկյան հասարակությունում») ինքնաբերաբար չեն աջակցի Իրանի դեմ անօրինական պատերազմին: Եվ ոչ ոք ուրախ չէ, երբ իրենց առաջնորդը անարգում է ընկած ամերիկացի զինվորներին՝ նրանց հայրենադարձությանը ներկայանալով իր ապրանքանշանի հագուստով։
Ավելին, Թրամփի ինքնամոռաց նարցիսիզմը թույլ չի տալիս հասնել այն կարգավիճակին, որն օգնում է պաշտամունքի առաջնորդներին խուսափել պատասխանատվությունից իրենց ենթակաների սխալների համար: Նա երբեմն հայտարարում է, որ անտեղյակ է իր նշանակած անձանց գործողություններից, բայց ունակ չէ իրեն հեռու պահել իր վարչակազմից: Ամեն ինչ պետք է լինի իր մասին (եւ, իհարկե, ամեն ինչ պետք է միշտ հոյակապ ընթանա):
Թրամփի մոտեցումը կառավարմանը (եւ բիզնեսին) հոգեբանները անվանում են «DARVO». ժխտել, հարձակվել, զոհին ու հանցագործին տեղերով փոխել։ Այս ռազմավարությունը երբեմն արդյունավետ է, հատկապես արդեն վախվորած վերնախավի պարագայում։ Սակայն ավելի խելացի ավտոկրատները գիտեն, որ ենթականերին երբեմն քավության նոխազ դարձնելը կամ ժամանակ առ ժամանակ ներողություն խնդրելը ավելի ձեռնտու է երկարաժամկետ շահերի համար։
Սխալ է թերագնահատել Ամերիկայի «ռեալիթի շոուի աստղ» նախագահին, սակայն կարելի է վստահորեն եզրակացնել, որ նա սովորելու ունակ չէ։ Մշտապես ուշադրությունը կենտրոնացնելով իր վրա՝ նա ապահովել է, որ ապագա բոլոր հիասթափություններն ու բողոքներն ի վերջո իրեն ուղղված լինեն։ Դա նշանակում է, որ Թրամփի կուսակցությունը չի կարողանա հեռավորություն պահպանել նրանից։ Հանրապետականների միակ հույսն է, թերեւս, մանիպուլացնել ընտրությունները կամ համոզել բավարար թվով ընտրողներին, որ չհավատան սեփական աչքերին։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org