Մենք՝ մեր ժողովրդի զավակունք, ի Հայաստան և ի Սփյուռս, լավատեսությամբ, հույսով ու հավատքով շարունակենք արարել, շենացնել մեր հայրենիքը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:

Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը խոսեց Աստվածածնի ավետարանական կերպարի մասին, որով մենք տեսնում ենք, թե ինչպես է Սուրբ Կյուսը հնազանդությամբ ստանձնում Տիրամոր պատիվը և իր ժողովրդի համար իբրև բարոխոս մշտապես դիմում իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Այս առիթով Հայկազուն սրբազանը հորդորեց ներկաներին, որպեսզի իրենց աղոթքներում մշտապես խնդրեն Աստվածամոր բարեխոսությունը։

Այնուհետև Սրբազան Հայրը, անդրադառնալով Վերափոխման տոնի հետ կապված բանավոր ավանդությանն ու Եկեղեցում և հայ իրականության մեջ Սուրբ Կույսի նշանակալի տեղին, ընդգծեց, որ մեր հայրերը բազմաթիվ եկեղեցիներ և սրբավայրեր կոչել են Աստվածամոր պատվին, մեր եկեղեցիների խորանները նվիրվել են Սուրբ Կույսին՝ մանուկ Հիսուսի հետ միասին, իսկ հայ մայրերից շատերը դուստրերին անվանել են Մարիամ՝ իրենց մտքում ունենալով Տիրամոր բացառիկ առաքինի կերպարը։

Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցականաց թափորը Մայր Տաճարից ուղղվեց դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը:

Հավարտ օրհնության կարգի Վեհափառ Հայրապետն իր օրհնության խոսքը ուղղեց հավատավոր ժողովդրին, որից հետո, ներկաներին բաժանվեցին օրհնված խաղողի ողկույզները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Խաղողօրհնեքի արարողության ավարտին

Սիրելի՛ բարեպաշտ հավատավոր զավակներ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, կատարեցինք Խաղողօրհնության կարգը, օրհնեցինք խաղողի ողկույզները և այն այգիներն ու անդաստանները, որտեղից առաքվում, բերվում են պտուղները՝ ի վայելումն մեր ժողովրդի։

Մենք միաժամանակ հայց և աղոթք բարձրացրեցինք, որպեսզի Սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ առատորեն հեղվեն շնորհներն ու օրհնությունները մեր կյանքի, մեր կյանքը դառնա պտղաբեր՝ բարությամբ ու բարիքներով, և մենք՝ մեր ժողովրդի զավակունք, ի Հայաստան և ի Սփյուռս, լավատեսությամբ, հույսով ու հավատքով շարունակենք արարել, շենացնել մեր հայրենիքը և բարօր դարձնել մեր ժողովրդի կյանքը, որպեսզի կարող լինենք մշտապես հեռու վանել ժամանակների մատուցած բոլոր փորձությունները մեզնից և կարողանանք կերտել լուսավոր, բարօր, երջանկաբեր ապագան մեր ժողովրդի համար։

Թող Տիրոջ սերը, շնորհը և օրհնությունը միշտ լինեն ազգիս զավակների հետ՝ այսօր և հավիտյանս. Ամեն։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment