Քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։ Այս մասին մարտի 23-ին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
Ներկայացնելով Հայաստանի և Թուքրայի միջև ընթացող երկխոսությանը նախարարը հայտնեց, որ այն դինամիկ և խոստումնալից է։
Ըստ Միրզոյանի՝ երկխոսության նպատակն է սահմանների ամբողջական բացումը, Գյումրի-Կարս երկաթուղու ու ավտոճանապարհի վերագործարկումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։
Գետնի վրա իրականացվող աշխատանքների թվում Միրզոյանն առանձնացրել է համատեղ աշխատանքային խմբի հանդիպումները, որոնց ընթացքում մասնագետները տեղում ուսումնասիրել են ենթակառուցվածքների վիճակը սահմանի երկու կողմերում։
Արդեն իսկ իրականացված քայլերից նախարարը նշել է դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր կրողների համար առանց պետտուրքի և էլեկտրոնային համակարգով մուտքի արտոնագրերի հասանելիությունը, ինչպես նաև թուրքական ավիաուղիների մուտքը Հայաստան։
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ գործընթացն ուղեկցվում է երկրների առաջնորդների, արտաքին գործերի նախարարների և այլ գերատեսչությունների ղեկավարների պարբերական շփումներով ու այցերով։
***
Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը միակողմանի փակվել է Անկարայի կողմից 1993-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ 2021-ից սկսած՝ երկու երկրները վերսկսել են դիվանագիտական շփումները հատուկ ներկայացուցիչների, ԱԳ նախարարների և երկրների ղեկավարների մակարդակով։
The post Հայաստանի և Թուրքիայի բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունն է քննարկվում appeared first on CIVILNET.