Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
«ՎԻՎԱ» և «Նիկա» հիմնադրամները ՍիվիլՆեթին հայտնել են, որ «ՎԻՎԱ»-ի նախկին աշխատակից Նաիրի Գևորգյանը, ներկայանալով բարեգործական կազմակերպությունների անունից, արևային կայաններ տեղադրելու պատրվակով գումար է կորզում քաղաքացիներից։
2023-ի Արցախի բռնի տեղահանությունից հետո Գայանե Գաբրիելյանը Չարենցավանում նոր կյանք էր փորձում սկսել։ Չորս երեխաների հետ հաստատվելով Կոտայքի Չարենցավան քաղաքում՝ ստացել էր առաջին անհրաժեշտության պարագաներ «ՎԻՎԱ․ Բժիշկները և կամավորները Հայաստանին» բարեգործական հիմնադրամից։
Հետագայում հիմնադրամը նաև անվճար արևային ջրատաքացուցիչ է տեղադրել նրա տանը։ Հիմնադրամի աշխատակիցների շարքում եղել է նաև Նաիրի Գևորգյանը։
Գայանեն 2025-ի գարնանը հեռախոսազանգ է ստացել Նաիրի Գևորգյանից։ Վերջինս, ներկայանալով որպես «ՎԻՎԱ» հիմնադրամի աշխատակից, հայտնել էր, թե կազմակերպությունն արցախցի ընտանիքներին օգնում է արևային կայաններ տեղադրել։ Գայանեն, չկասկածելով իրեն արդեն ծանոթ աշխատակցին, համաձայնել է և վճարել 30,000 դրամ՝ իբրև էլեկտրացանցի հետ պայմանագրերի և փաստաթղթավորման ծախսերի համար։
Գայանեն պատմում է, որ որոշ ժամանակ անց Գևորգյանը կրկին կապ է հաստատել իր հետ՝ այս անգամ ներկայանալով այլ հիմնադրամի անունից։ Նա ասել է, թե համագործակցում է «Նիկա» կազմակերպության հետ, որը տեղորոշման սարքեր է տեղադրում, և դրանց միջոցով հնարավոր է եկամուտ ստանալ։
Այս անգամ առաջարկը Գայանեին կասկածելի է թվացել։ Նա կապ է հաստատել «Նիկա» հիմնադրամի հետ և պարզել, որ նման ծրագիր չկա։
«Նաիրիին վստահել ենք, որովհետև ինքը «ՎԻՎԱ» կազմակերպությունում է աշխատել․ ջրատաքացուցիչներ տեղադրելուց, դեղորայք և այլ օգնություններ տրամադրելուց դարձյալ ինքն է եղել»,- պատմում է Գայանե Գաբրիելյանը։
Գայանե Գաբրիելյանը միակ տուժողը չէ։ Այս հիմնադրամների շահառու այլ արցախցիներ ևս ահազանգել են, որ տուժել են Նաիրի Գևորգյանի գործողություններից։
Ի՞նչ են պատմում հիմնադրամից Գևորգյանի մասին․ Գևորգյանի հերքումը
«ՎԻՎԱ» հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ Նաիրի Գևորգյանը սկզբում եղել է հիմնադրամի կամավորներից, ապա աշխատանքի անցել հիմնադրամում։ Գևորգյանը ներկայացել է որպես նախկին զինվորական և հայտնել, թե 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում է ստացել։ Սակայն հիմնադրամի հետ ավելի քան մեկ տարի համագործակցելուց հետո Հովհաննիսյանը պարզել է, որ նա թեև մասնակցել է պատերազմին, բայց որևէ վիրավորում չի ստացել։ Այդ մասին նրան տեղեկացնելուց հետո Գևորգյանն այլևս չի այցելել հիմնադրամ։
Հովհաննիսյանը նշում է, որ դրանից որոշ ժամանակ անց հիմնադրամը սկսել է զանգեր ստանալ այն ընտանիքներից, որոնց նախկինում ջրատաքացուցիչներ էին տրամադրել։ Դիմած արցախցիները հայտնել են, որ Գևորգյանն իրենցից գումարներ է վերցրել արևային կայաններ տեղադրելու խոստումով, սակայն դրանք չի տեղադրել։
Տուժածներից ահազանգեր ստանալուց հետո հիմնադրամը կապ է հաստատել շահառու ընտանիքների հետ, հորդորել գումար չփոխանցել այդ անձին և դիմել ոստիկանություն։ Բացի այդ, այս մասին հայտարարություններ են տարածվել նաև հիմնադրամների ֆեյսբուքյան էջերում։
Նմանատիպ սխեմայով Նաիրի Գևորգյանին գումար է փոխանցել նաև արցախցի Մանուշ Սահակյանի ընտանիքը։ Խոստացված արևային կայանները, սակայն, չեն տեղադրվել, իսկ ամիսներ անց Գևորգյանը պարզապես անհետացել է՝ անպատասխան թողնելով զանգերը։
Սահակյանի ամուսինը դիմել է ոստիկանություն, բայց քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Ըստ ներքին գործերի նախարարության՝ ոստիկանություն ներկայացվել է 11 դիմում-բողոք․ դրանք հիմնականում նույնաբովանդակ են՝ Գևորգյանը արևային պանելներ տեղադրելու համար պահանջել է 30,000 դրամ, սակայն դրանք չեն տեղադրվել։
Թեև շատերը դիմել են իրավապահներին, հաղորդումների մեծ մասով քրեական վարույթներ չեն նախաձեռնվել, և պատճառված վնասը մինչ օրս չի փոխհատուցվել։
Մեզ հաջողվեց կապ հաստատել Նաիրի Գևորգյանի հետ, սակայն զրույցը կարճ տևեց։ Նա կտրականապես հերքեց իր հասցեին հնչող մեղադրանքները։
«Ես որևէ անձից գումար չեմ պահանջել և չեմ ստացել, ոչ էլ որևէ մեկին գումար եմ վերադարձրել»,- ասաց նա և անջատեց հեռախոսը։
Իրավապահների արձագանքը. քանի՞ վարույթ է նախաձեռնվել
ՆԳՆ-ից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Նաիրի Գևորգյանի վերաբերյալ քաղաքացիներից ստացված 10 հաղորդումները ուղարկվել են Քննչական կոմիտե։ Դիմումներից մեկը թողնվել է անհետևանք, քանի որ դիմումատուին պարզաբանվել է, որ վեճը ենթակա է լուծման դատական կարգով։
Նաիրի Գևորգյանի գործողությունների վերաբերյալ, ըստ իրավապահների, ստացված 11 դիմումից 3-ի դեպքում է քրեական վարույթ նախաձեռնվել։
Քննչական կոմիտեից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ երեք դեպքերից երկուսով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խարդախության հատկանիշներով, իսկ մեկով՝ խարդախության փորձ կատարելու վերաբերյալ։
Ըստ Քննչական կոմիտեի պատասխանի՝ նախաքննության ընթացքում տուժողներին պատճառված վնասը վերականգնվել է, ինչից հետո որոշվել է հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ տուժողների հետ հաշտվելու հիմքով։
Ինչո՞ւ մնացած դեպքերով վարույթ չի նախաձեռնվել
Իսկ հաղորդումներից 7-ի դեպքում քրեական վարույթներ չեն նախաձեռնվել Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով։ Համաձայն այդ նորմի՝ քրեական վարույթ հարուցվում է միայն այն դեպքում, եթե տուժողին հայտնի չէ ենթադրյալ հանցանքը կատարած անձը։
Տվյալ դեպքում անձի ինքնությունը հայտնի է, ուստի իրավապահները գտել են, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ անելիք չունեն։ Ստեղծված իրավիճակում քաղաքացիներին մնում է հարցը լուծել դատական կարգով։
Օրենսդրական նոր նորմը՝ արդարադատության հասանելիության «խնդի՞ր»
Այս նորմը ներդրվել է 2022-ին ընդունված նոր Քրեական դատավարության օրենսգրքով։ Մինչ այդ իրավապահ մարմինները պարտավոր էին նման դեպքերում նախաձեռնել վարույթ և իրականացնել նախաքննություն։
Փաստաբան Հովհաննես Քոչարյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, այս փոփոխությունը ներկայացվել էր որպես քրեական մարմինների բեռնաթափման միջոց, սակայն գործնականում քաղաքացիները պատրաստ չեն ինքնուրույն պաշտպանել իրենց շահերը։
«Հիմա մեր հասարակությունը բախվեց մի իրավիճակի, որ իրենց իրավունքները սովոր չեն պաշտպանել, քննիչներից են ակնկալում, քննիչներն էլ օրենքով մերժում են»,- նշում է փաստաբանը։
Փաստաբան Լուսիեն Վիրաբյանը էլ նշում է, որ նման դեպքերում, երբ անձը ներկայանում է հասարակական կազմակերպության անունից՝ այնտեղ չաշխատելով, կարող է խոսք լինել ոչ միայն խարդախության, այլ նաև ինքնիրավչության մասին։
«Այսինքն երկու տարբեր հանցակազմերի հետ մենք գործ ունենք, և շատ վատ է, որ պետությունը, մասնավորապես իրավապահ մարմինները ուշադրություն չեն դարձնում նման էական հանգամանքի, ինքը հանրորեն մեծ վտանգավորության աստիճան է իր մեջ ներառում, քանի որ այդպիսի քաղաքացիները կարող են լինել տասնյակներ, եթե ոչ ավելի շատ»,- նշում է Վիրաբյանը։
Փաստաբանը նշում է, որ լիովին համաձայն չէ օրենքի այդ կարգավորման հետ։ Նրա գնահատմամբ՝ շատ քաղաքացիներ չեն կարողանում հոգալ փաստաբանական ծախսերը կամ ինքնուրույն վարել դատավարությունը, ինչի արդյունքում նման դեպքերը հաճախ մնում են առանց հետևանքի, իսկ պատճառված վնասը՝ չվերականգնված։
Ըստ նրա՝ այս դեպքում մեծանում է նաև վենդետայի վտանգը․ երբ մարդը չի կարողանում իր իրավունքը պաշտպանել իրավական ճանապարհով, կարող է փորձել հարցը լուծել անձնական մակարդակում։ «Եթե քաղաքացին չի կարողանում դիմել արդարադատության, փաստացի մնում է առանց այլընտրանքի, ինչը իրավական պետության համար նորմալ չէ»,- նշում է փաստաբանը։
Տուժած Մանուշ Սահակյանը ևս նշում է, որ դժվար թե 30,000 դրամի համար դատարան դիմի, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի տասնապատիկ ավելի գումար ու ռեսուրս ծախսել՝ ժամանակ, փաստաբան և այլն։
Փաստացի, եթե գումարը փոքր է, այդ գործերը կարող են դուրս մնալ արդարադատության համակարգից, մինչդեռ բազմաթիվ տուժողների դեպքում ընդհանուր վնասը կարող է հասնել զգալի չափերի։
The post 30,000 դրամի գործ՝ տասնյակ տուժածներ, բայց վարույթներ չեն հարուցվել appeared first on CIVILNET.