Այս պահին ներկայացված Սահմանադրության տեքստում Ներածությունը չկա առհասարակ, իսկ Անկախության հռչակագրին հղումը Ներածության մեջ է. նախարար

Այս պահին ներկայացված Սահմանադրության տեքստում Ներածությունը չկա առհասարակ, իսկ Անկախության հռչակագրին հղումը Ներածության մեջ է. նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այս պահին ներկայացված Սահմանադրության տեքստում Ներածությունը չկա առհասարակ, իսկ Անկախության հռչակագրին հղումը Ներածության մեջ է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հռչակագրի մասը Սահմանադրության նոր տեքստից հանվել է:

«Թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված Ներածության շրջանակներում: Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում. Սահմանադրության տեքստը՝ նախագծի տեքստով, լինելու է հրապարակային, այդ թվում՝ հրապարակային է լինելու Ներածությունը, և հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված, ու կորոշի…

Հիմա վարչությունում և խմբակցությունում են քննարկումները շարունակվում: Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր պետության իրավական հիմքն է, և մեկ քննարկումով վստահաբար չենք կարող ամփոփել մեր մտքերը»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ Սահմանադրության նոր տեքստի հրապարակման ժամկետները դեռ հայտնի չեն, կհստակեցվեն, բայց դեռ ժամանակ կա, քանի որ չկա հանրաքվեի ժամկետ:

«Հանրաքվե նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին: Մեր մեծագույն ցանկությունն է տալ հանրությանը բավարար ժամանակ՝ ծանոթանալու տեքստին և բավարար ժամանակ, տեքստին ծանոթ լինելով, կատարել ճիշտ ընտրություն»,- ասաց նա:

Նախարարը նաև չբացառեց, որ Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի մինչև խորհրդարանական ընտրություն:

«Այն տեքստը, որը կհրապարակվի, ստատիկ չի լինելու, այսինքն՝ անփոփոխելի չի լինելու, դա լինելու է նախագիծ, հետևաբար չի բացառվում, որ դրանում կկատարվեն մի շարք փոփոխություններ այն բանից հետո, երբ ստացվեն քաղաքացիների, ոլորտի մասնագետների համապատասխան կարծիքները»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ Սահմանադրությունն ընդունել-չընդունելու հարցը որոշելու է ժողովուրդը:

Leave a comment