Իրանը պաշտոնապես հաստատել է Ալի Լարիջանիի սպանությունը

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը երեքշաբթի ուշ երեկոյան հաստատել է  Իսրայելի պնդումները, որ երկրի անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է գիշերային օդային հարվածի ժամանակ, գրում է France 24-ը։

«Նահատակների մաքուր հոգիները գրկեցին Աստծո արդար ծառա՝ նահատակ բժիշկ Ալի Լարիջանիի մաքրագործված հոգին։ Իրանի և Իսլամական հեղափոխության առաջընթացի համար ողջ կյանքի պայքարից հետո նա, ի վերջո, հասավ իր վաղեմի նպատակին, պատասխանեց աստվածային կոչին և պատվով արժանացավ նահատակության քաղցր շնորհին ծառայության խրամատում»,- նշում է խորհուրդը՝ հավելելով, որ նրա որդին և թիկնապահները մահացել են նրա հետ։

Ալի Լարիջանին սպանվել է ավիահարվածի ժամանակ՝ իր որդու՝ Մորտեզայի և մի քանի թիկնապահների հետ միասին։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հարվածի ժամանակ զոհվել է նաև Ազգային անվտանգության խորհրդի անվտանգության հարցերով փոխքարտուղար Ալիռեզա Բայաթը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացից հետո՝ երկրի բանակը նույնպես հաստատել էր, որ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար  Լարիջանին սպանվել է   ավիահարվածի ժամանակ։

Երեքշաբթի Իրանը նաև հաստատել էր, որ «Բասիջ» ռազմականացված ուժերի ղեկավար Ղոլամռեզա Սոլեյմանին սպանվել է «ամերիկա-սիոնիստական ​​թշնամու կողմից իրականացված ահաբեկչական հարձակման» արդյունքում։

Իրանի կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Լարիջանիի և Սոլեյմանիի հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը։

Իրանի Fars  լրատվական գործակալությունը հայտնել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանը «խորը ցավ և ափսոսանք» է հայտնել Լարիջանիի մահվան կապակցությամբ։

«Ես նրանից ոչինչ չտեսա, բացի բարյացակամությունից, խորաթափանցությունից, ընկերությունից և հեռատեսությունից։ Անկասկած, շատ դժվար է փոխհատուցել այս կորուստը»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment