«Հիշում եմ քո ձայնը». արցախցիների բռնի տեղահանման մասին պատմող ֆիլմը՝ եվրոպական կինոփառատոններում

Արցախցիների բռնի տեղահանման մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմն առաջիկայում ցուցադրվելու է եվրոպական մի շարք երկրների պետական կառույցներում և կինոփառատոններում: 

«Պետք է հնարավորինս շատ տարածել այս ֆիլմը, պետք է շատ մարդ տեսնի, թե ինչերի միջով են անցել և անցնում արցախցիները, ինչպես են կորցրել իրենց հայրենիքը, տունը և այսօր շատ հաճախ նրանց ճիշտ չեն հասկանում»,- ֆիլմի երևանյան ցուցադրությանը հայտարարեց ՀՀ ժողովրդական արտիստ, «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի խորհրդատու Հրանտ Թոխատյանը: 

Երևանյան ցուցադրություններին ներկա էին ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, դերասանուհիներ Մարջան Ավետիսյանը, Ելենա Վարդանյանը, ՀՀ և Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, ընդդիմադիր պատգամավորներ: 

Հեղինակները կարևոր են համարում նաև արցախցիների էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմի հերոսներին օգնելու նախաձեռնությունը: 

Երևանյան ցուցադրությունից հետո ուշադրության կենտրոնում է հայտնվել հերոսներից մեկի՝ Զարինեի որդին: Նրա գլխում բեկորների մնացորդենր կան, տեսողությունը բավականին վատացել է: 

«Փոքրիկի բուժումն իրականացվելու է առաջատար ակնաբուժական կլինիկաներից մեկում, անհրաժեշտության դեպքում նա բուժումը կշարունակի նաև այլ կլինիկաներում»,- տեղեկացրել է ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը:

Երեխան Զարինեի երրորդ որդին է: Զարինեի երկու որդիները սպանվել են 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Սառնաղբյուր գյուղում: 

«Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի հեղինակային իրավունքների պաշտպանությամբ էլ հեղինակները խնդրել են զբաղվել ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, քանի որ վերջերս՝ մարտի 9-ին «Youtube»-ում ապօրինաբար հայտնվել էր մեկ ժամանոց ֆիլմից 18 րոպեանոց հատված: 

Հիշեցնենք, որ «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմն արդեն ցուցադրվել է Փարիզի, Թուլուզի, Սան Պաուլոյի  քաղաքապետարաններում և այլ պետական կառույցներում: Պրեմիերան եղել է ԱՄՆ-ում:

Leave a comment