ՌԴ-ի ոչ մի շրջան չի կարող իրեն անվտանգ զգալ. Շոյգուն՝ չորս տարվա պատերազմից հետո

Քաղաքականություն

17.03.2026 | 18:10

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զարգացման դինամիկան և դրանց օգտագործման մեթոդներն այնպիսին են, որ Ռուսաստանի ոչ մի շրջան չի կարող իրեն անվտանգ զգալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Եկատերինբուրգում կայացած խորհրդակցության ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մինչև վերջերս Ուրալն Ուկրաինայի տարածքից օդային հարվածների հասանելիությունից դուրս էր, բայց այսօր դրանք արդեն գտնվում են անմիջական սպառնալիքի գոտում»,- ասել է նա։

Նոյեմբերի 27-ին Եկատերինբուրգում և Սվերդլովսկի մարզում առաջին անգամ հայտարարվել է հրթիռային վտանգի ռեժիմ։

«Այստեղ կենտրոնացված են ռազմավարական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները, էներգետիկ և քիմիական արդյունաբերության օբյեկտները, ինչպես նաև մշակվող խոշոր նավթագազային հանքավայրերը»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ Ուրալը նաև ունի լայնածավալ տրանսպորտային ենթակառուցվածքներ, այդ թվում՝ խոշոր երկաթուղային գծեր և դաշնային  նշանակության մայրուղիներ։

«Դրանց շարքից դուրս գալը կարող է ոչ միայն զգալի տնտեսական վնաս հասցնել, այլև անկայունացնել խոշոր ագլոմերացիաների գործունեությունը և խաթարել մատակարարման շղթաները, այդ թվում նրանք, որ որոնք  հատուկ ռազմական գործողությանը աջակցելու համար կարևորագույն նշանակություն ունեն»,- ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը (Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողություն» է անվանում Ուկրաինայի դեմ պատերազմը):

Շոյգուն նաև ասել է, որ 2025 թվականին Ռուսաստանի տարածաշրջանների ենթակառուցվածքների վրա ուկրաինական օդային հարվածների թիվը գրեթե քառապատկվել է․ նա հաշվել է 23,000 հարձակում: Կիևը Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների և այլ թիրախների վրա հարձակումները կապում է Ուկրաինայում կռվող ռուսական բանակի կարիքների բավարարման հետ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment