Համացանցում հրապարակված տեսանյութերի իրավախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության (տեսանյութ)
Ճանապարհային երթևեկության և հանրային անվտանգության ապահովումը Պարեկային ծառայության շուրջօրյա աշխատանքի առանցքում է։ Ուշադրության կենտրոնում են նաև համացանցում շրջանառվող տեսանյութերում երևացող երթևեկության կանոնների խախտման դեպքերը։
Համացանցում հրապարակված մի տեսանյութում երևում էր, թե ինչպես է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդն անկանոն վարում՝ իրական վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։
Մեկ այլ տեսանյութում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում էր հանդիպակաց՝ կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։
Հաջորդ տեսանյութում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հատում էր հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող գծանշումը՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
Մի դեպքում էլ «ԲՄՎ»-ի վարորդը ավտոմեքենան կայանել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառում։
Պարեկային ծառայության Երևանի գնդի գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում իրավախախտում կատարած 4 վարորդն էլ հայտնաբերվել ու ենթարկվել են վարչական պատասխանատվության։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ վտանգավոր վարքագիծը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ թե՛ վարորդի, թե՛ երթևեկության մյուս մասնակիցների համար։