Անի Ավետիսյան, #CivilnetCheck
Սոցիալական ցանցերում մարտի 17-ին տարածվել են տեղեկություններ, թե Հայաստանի օդային տարածքը հատել է թուրքական ուղղաթիռ։
«Մարտի 6֊ին ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշատ բնակավայրից, ըստ տեղեկությունների, Հայաստանի տարածք է ներթափանցել թուրքական ուղղաթիռ (նկատել են նաև բնակիչները)»,- ֆեյսբուքյան հրապարակման մեջ գրել է ակտիվիստ Կարապետ Պողոսյանը։
Օգտատերը որևէ ապացույց չի ներկայացրել՝ որպես լուսանկար կցելով shutterstock գործակալությունից ներբեռնած լուանկար։
Հրապարակումը արտատպել են մի շարք լրատվական կայքեր, այդ թվում` azg.am-ը, pastinfo.am-ը hraparak.am-ը։
Ի՞նչ ուղղաթիռ է հատել ՀՀ սահմանը
Ըստ օդանավերի թռիչքների դիտարկման Flightradar24.com առցանց հարթակի՝ մարտի 6-ին՝ Հայաստանի ժամանակով առավոտյան 11-ի մոտակայքում, Հայաստանի օդային տարածքը հատել է մասնավոր UP-BL017 ուղղաթիռը, որը Կարսից ուղևորվում էր Բաքու։
Սակայն այն գրանցված է ոչ թե Թուրքիայում, այլ Ղազախստանում։
Ղազախստանի փոքր ավիացիայի ասոցիացիայի տվյալներով՝ UP-BL017 մասնավոր ուղղաթիռ է, որը գրանցված է Ղազախստանում։
Այն Bell-505 Jet Ranger X մոդելի քաղաքացիական ուղղաթիռ է, որն օգտագործվում է չարտերային թռիչքների համար։
Այս օդանավը ժամանակակից Bell-505 Jet Ranger X մոդելի ուղղաթիռ է (գործարանային համարը՝ 65201), որը նախատեսված է ուղևորափոխադրումների համար։ Պաշտոնական փաստաթղթերում ուղղաթիռի սեփականատեր է նշված «SHOFA L.L.C» ընկերություն, իսկ շահագործողը ղազախական «Q-AVIA» (ՏՕՕ «Q-AVIA») ավիաընկերությունն է։ Սա ոլորտում մեծ փորձ ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2008 թվականին և տեղակայված է Ալմաթիի մոտ գտնվող Բորալդայ օդանավակայանում։ «Q-AVIA»-ն մասնագիտացած է փոքր ավիացիայի ոլորտում՝ իրականացնելով պատվիրված չարտերային թռիչքներ։
Բաց աղբյուրներում հասանելի է ուղղաթիռի լուսանկարը, որն արվել է 2025-ի սեպտեմբերին։ Դրա վրա առկա է Ղազախստանի դրոշը։
Հայաստանի քաղավիացիայի կոմիտեից էլ լրատվամիջոցներին հայտնել են, որ ըստ ՀՀ օրենքի՝ եթե տարանցիկ չվերթ է՝ քաղաքացիական օդանավ է կամ ուղղաթիռ, և պետք է հատի ՀՀ օդային տարածքը, դրա համար հատուկ թույլտվություն չի պահանջվում։
Այսպիսով, «թուրքական ուղղաթիռի ներթափանցման» մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը։
The post «Թուրքական ուղղաթիռի» մասին պնդումը ապատեղեկատվություն է appeared first on CIVILNET.