ԵՄ-ն արագ արձագանքման թիմ կգործուղի Հայաստան՝ ընտրական գործընթացները պաշտպանելու համար
Եվրոպական միությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Արտաքին գործերի խորհրդի նիստից հետո։Կալասի խոսքով՝ նախաձեռնության նպատակը Հայաստանի կարողությունների ուժեղացումն է՝ հիբրիդային սպառնալիքներին արձագանքելու և ընտրական գործընթացի թափանցիկությունն ու անձեռնմխելիությունն ապահովելու համար։Նա ընդգծել է, որ ժողովրդավարական գործընթացների պաշտպանությունը և արտաքին միջամտությանը դիմակայելը մնում են Եվրոպական միության առաջնահերթություններից։Հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն նախատեսում է շարունակել աջակցությունը գործընկեր երկրներին՝ նրանց ժողովրդավարական համակարգերի դիմակայունության բարձրացման ուղղությամբ։
Արտաքին գործերի խորհրդի նիստում քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներ, այդ թվում՝ Վրաստանում արձանագրվող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ մտահոգությունները։ Այս հարցին նախատեսվում է անդրադառնալ խորհրդի հաջորդ նիստում։