Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. ՆԳՆ փրկարար ծառայությունը կրթական ծրագրեր է անցկացրել


ՆԳՆ Փրկարար ծառայությունը շարունակաբար իրականացնում է կրթական և վերապատրաստման միջոցառումներ՝ ուղղված արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության դիմակայունության բարձրացմանը: 


 


«Մի շարք մարզերի ուսումնական հաստատություններում անցկացվել են «Վտանգավոր բնական երևույթների ազդեցության հիմունքները» թեմայով դասընթացներ: Ներկայացվել են նաև ազդարարման ազդանշանների կիրառման կանոններն ու ռիսկային իրավիճակներում արձագանքման ձևերը:


 


Փրկարար ծառայության ստորաբաժանումները ակտիվ մասնակցություն են ունեցել «Ճանաչենք մեր դպրոցը. անվտանգ մուտք և ելք» խորագրով ծրագրին: Հանրապետության տարբեր մարզերի դպրոցներում աշակերտներն ու ուսուցիչները ծանոթացել են ուսումնական հաստատություններում անվտանգ կողմնորոշման, ճիշտ տեղաշարժման, արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական կանոններին:


 


Բազմաթիվ բնակավայրերում կազմակերպվել են «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունքներ՝ էլեկտրական շչակների փաստացի գործարկմամբ:


 


Ուսումնավարժությունների ընթացքում կազմակերպվել են ուսումնական հաստատությունների անձնակազմի և սաների՝ իրական պայմաններին մոտ տարհանման գործընթացներ՝ ամրապնդելով բնակչության գործնական պատրաստվածությունը:


 


Անցկացվել են նաև հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ ընդգրկելով հրդեհապայթյունավտանգ, հանրային և բնակելի օբյեկտներ: Ուսումնավարժությունների ժամանակ կատարելագործվել են նաև հրշեջ-փրկարարների տեսական և գործնական կարողությունները, ստուգվել են օղակների պատրաստվածությունն ու հրամանատարական կազմի մարտավարությունը: 


 


Ճանապարհային կազմակերպությունների ղեկավար կազմի հետ անցկացվել են հատուկ ուսումնավարժություններ՝ ձնաբքի հետևանքով արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերման վերաբերյալ: 


 


Կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատները ցուցադրել են հրդեհաշիջման, տարհանման և առաջին օգնության իրենց հմտությունները:


 


Դասընթացներում ներառվել են հեղեղումների, դաշտերի ու այգիների խոտի այրումից բխող վտանգների, երկրաշարժի ժամանակ տարհանման կազմակերպման և անվտանգության կանոնների պահպանման առանձնահատկությունները:


 


Փրկարար ծառայության կողմից իրականացվող այս բազմաշերտ ու համակարգված ծրագրերը ոչ միայն բարձրացնում են արտակարգ իրավիճակներում քաղաքացիների պատրաստվածությունը, այլև ամրապնդում են Փրկարար ծառայության նկատմամբ վստահությունը:


 


Այդ համատեքստում նաև ամրապնդվում է փրկարար ծառայություն-հասարակություն կապը, կատարելագործվում են հրշեջ-փրկարարների մասնագիտական հմտությունները, բարձրանում է բնակչության անվտանգության մակարդակը»,- ասվում է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ2

Leave a comment