Սերժ Սարգսյանին վերագրվող առանձնատան հետքերով. ո՞վ է իրական սեփականատերը 

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Համացանցում մարտի 16-ին տարածվում է առանձնատան լուսանկարներ ու տեսանյութ, որի պատկանելությունը վերագրվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ 

Նշվում է, որ առանձնատունը Երևանի Բագրևանդ թաղամասում է։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը տեղորոշեց առանձնատունը։ Այն Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում է (կորդինատները՝ 40.19838135643805, 44.58816572434877)։

Ո՞ւմ է պատկանում առանձնատունը

Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ առանձնատունը Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցում է։ Այդ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է 2025-ի հուլիսի 8-ին։ Գրանցված է մեկ սուբյեկտ՝ Սաթենիկ Սարգսյան Սերժի։ 

Էկրանապատկերը՝ Կադաստրի կոմիտեի տեղեկանքից

Ընտրողների ռեգիստրում այս անուն-ազգանուն-հայրանունով մեկ անձ կա, որն էլ երրորդ նախագահի դուստրն է։ Նա շարունակում է ամուսնու հետ գրանցված մնալ Երևանի Տերյան փողոցի բազմաբնակարան շենքում։ Սակայն Կադաստրի տվյալներով՝ Ջրվեժի նոր առանձնատունը ևս գրանցված է նրա անունով։

Էկրանապատկերը՝ elections.am-ից

Ընդարձակ բնակելի համալիր՝ խոշոր մասշտաբներով

Google Earth-ի արբանյակային լուսանկաները փաստում են, որ տարածքում առանձնատան շինարարության աշխատանքները սկսվել են առնվազն 2022-ին։ 

Ըստ կադաստրային տվյալների՝ տվյալ հասցեում առկա է ինը շինություն՝ երկու բնակելի տուն, երկու ավտոտնակ (76.89 քմ և 202.25 քմ մակերեսներով), տնտեսական կառույցներ, պահակատուն և օժանդակ շինություն։ Համալիրը շուրջ 1.75 հեկտար մակերեսով հողամասի վրա է։

Համալիրի գլխավոր կառույցը 2025-ին կառուցված տուֆաշեն երկհարկանի բնակելի տունն է։ Թեև Կադաստրի փաստաթղթերում շենքի համար մեկ ամփոփիչ մակերես նշված չէ, դրա տարբեր հատվածների (ներառյալ ձեղնահարկը) մակերեսների հանրագումարը գերազանցում է 1800 քմ-ն։ Առանձնատան միայն հիմնական բնակելի տարածքները ունեն 597.94 քմ, 449.65 քմ և 318.71 քմ մակերեսներ։ 

Շինարարության ավարտվածության աստիճանը գնահատված է 81 և ավելի տոկոս։ Իսկ ամբողջ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը գնահատված է 680,9 մլն դրամ կամ մոտ 1,7 մլն դոլար: 

Սերժ Սարգսյանն ու երկու դուստրերը՝ Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը, 2022-ից անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել մի շարք գույքեր, այդ թվում՝ բանկային ավանդներ «Արարատբանկում», դրանց վրա կուտակված տոկոսներ, ինչպես նաև Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի (այս բնակարանում են գրանցված Սաթենիկ Սարգսյանն ու նրա ամուսինը) և ավտոկայանատեղիների բաժիններ։

Սերժ Սարգսյանի բնակության հարցը՝ իշխանությունից հեռանալուց հետո

2018-ին իշխանությունից հեռանալուց հետո Սերժ Սարգսյանի բնակության հարցը երկար ժամանակ քննարկման թեմա էր։ Օրենսդրության համաձայն՝ պաշտոնաթող նախագահին կարող էր տրամադրվել բնակարան, սակայն նոր կառավարության և Սարգսյանի գրասենյակի միջև այդ հարցում համաձայնություն չկայացավ։ Կառավարությունը նախկին նախագահին առաջարկել էր շուրջ 10 տարբերակ, որոնք, ըստ պաշտոնական հայտարարությունների, մերժվել էին անվտանգության հետ կապված պատճառներով։ Արդյունքում Սերժ Սարգսյանը տեղափոխվել էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոց, որը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է նրա փեսային՝ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանին։

#CivilNetCheck-ը փորձեց կապ հաստատել Սերժ Սարգսյանի գրասենյակի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

The post Սերժ Սարգսյանին վերագրվող առանձնատան հետքերով. ո՞վ է իրական սեփականատերը  appeared first on CIVILNET.

Leave a comment