Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կարծում է, որ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները չեն շեղի Եվրամիության ուշադրությունը Կիևին օգնություն ցուցաբերելուց։ Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Մերձավոր Արևելքում անվերահսկելի և վտանգավոր ռազմական էսկալացիան մեզ չի շեղում Ուկրաինայից», – ասել է նա լրագրողներին Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների նիստից առաջ։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է «մեծ վճռականությամբ ջանքեր գործադրել երկու ուղղությամբ»՝ օգնություն է ցուցաբերում Ուկրաինային և ճնշում գործադրում Ռուսաստանի վրա։
Նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մարտի 13-ին Փարիզում ընդունելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, նրան վստահեցրել է ինչպես ռազմական, այնպես էլ ֆինանսական աջակցության հարցում։
Բարոն նաև նշել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի փոխառություն հատկացնելու վերաբերյալ «համաձայնության հասնելու ջերմ ցանկությունը», որը, նրա խոսքով, կպաշտպանի Ուկրաինային բոլոր ֆինանսական դժվարություններից առաջիկա երկու տարվա ընթացքում։