Երևանում մեկնարկել է ICN-ի շահերի պաշտպանության աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում մեկնարկել է Մրցակցության միջազգային ցանցի  (ICN) շահերի պաշտպանության  աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են 32 երկրների պատվիրակներ՝ մրցակցային մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ։

2024 թվականին ICN-ը հայտարարել էր աշխատաժողովը հյուրընկալելու մրցույթ, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել Հայաստանի Հանրապետության հայտը՝ ի դեմս Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի։

«Սա առաջին անգամ է,  երբ  Հայաստանի մրցակցային մարմինը հնարավորություն է ունեցել նման միջոցառում հյուրընկալելու մեր երկրում, բացի այդ երկու օր անց մենք նաև ՏՀԶԿ Բուդապեշտում մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի միջոցառումն ենք ընդունելու։  Սա առաջին հերթին կարևոր է նրանով, որ մենք ցույց ենք տալիս  նման միջոցառումներ հյուրընկալելու մեր կարողություններն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի շարունակաբար զարգացման մասին վկայող ազդակ է մեր միջազգային գործընկերների կողմից»,- ընդգծել է ՄՍՇՊՀ նախագահը։

Աշխատաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Արդյունավետ մրցակցային միջավայրը նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացմանը, նորարարությունների խթանմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը։ Հետևաբար մրցակցության քաղաքականության զարգացումը և դրա արդյունավետ կիրարկումը կարևոր դեր ունեն տնտեսական քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացում», – նշել է նախարար Պապոյանը։

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հանդես է եկել հիմնական ելույթով՝ «Մրցակցության շահերի պաշտպանության կարևորությունը՝ ժամանակակից արագ փոփոխվող տնտեսությունում» թեմայով։  

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում տեղի կունենան նիստեր և քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսները կանդրադառնան մրցակցության ոլորտին առնչվող արդի հիմնախնդիրների։

Մրցակցության միջազգային ցանցը կոչված է խթանելու մրցակցության մարմինների համագործակցությունը ամբողջ աշխարհում։ Հայաստանի մրցակցային մարմինը հանդիսանում է կազմակերպության անդամ 2001 թվականից, ընգրկված է երեք աշխատանքային խմբերում։

Leave a comment