«Ես մեռնում եմ… սուրճի համար». Նեթանյահուն արձագանքել է իր մահվան մասին լուրերին

«Ես մեռնում եմ… սուրճի համար»,- այս արտահայտությամբ տեսանյութ է հրապարակել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X-ի իր էջում՝ հերքելով համացանցում տարածված լուրերը, թե ինքը սպանվել է իրանական հարվածի հետևանքով։

Տեսահոլովակում Նեթանյահուն սրճարանում սուրճ է պատվիրում և կատակում շրջանառվող լուրերի շուրջ։ «Ես մեռնում եմ… սուրճի համար»,- ասել է նա՝ օգտագործելով եբրայերեն մի արտահայտություն, որը թարգմանաբար նշանակում է ինչ-որ բան մահու չափ սիրել։ «Գիտե՞ք ինչ, ես «մեռնում եմ» իմ ժողովրդի համար։ Նրանց պահվածքը հիանալի է»,- հավելել է նա։ 

Տեսանյութի ընթացքում Նեթանյահուն նաև բարձրացնում է երկու ձեռքերը և մատները ցույց տալիս տեսախցիկին։ 

Ավելի վաղ սոցցանցերում որոշ հրապարակումներ ենթադրում էին, թե նրա մամուլի ասուլիսի կադրերը, որտեղ նա պատկերված էր մի ձեռքին վեց մատով, գեներացվել էին արհեստական բանականության միջոցով։ 

«Ուզո՞ւմ եք հաշվել իմ մատները։ Դրանք կարող եք տեսնել այստեղ… և այստեղ։ Տեսնո՞ւմ եք։ Շատ լավ է»,- ասել է Նեթանյահուն։

Իսրայելի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Նեթանյահուն ասել է. «Դուրս եկեք և մի քիչ մաքուր օդ շնչեք, բայց մնացեք պաշտպանված տարածքի մոտ։ Ձեր դիմադրողականությունը զարմանալի է. այն ուժ է տալիս ինձ, կառավարությանը, Իսրայելի պաշտպանության բանակին և Մոսադին։ Մենք անում ենք այնպիսի բաներ, որոնք ես չեմ կարող… այս պահին, բայց մենք շատ ուժեղ հարվածներ ենք հասցնում Իրանին, նույնիսկ այսօր։ Դուք ինձ ասո՞ւմ եք շարունակել։ Ես ձեզ բոլորիդ ասում եմ. դուք նույնպես շարունակեք»։

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը զանգվածային ավիահարվածներ են հասցնում Իրանին։ Հարվածների հետևանքով սպանվել են ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իրանի ղեկավարության այլ անդամներ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի երկրներին։

The post «Ես մեռնում եմ… սուրճի համար». Նեթանյահուն արձագանքել է իր մահվան մասին լուրերին appeared first on CIVILNET.

Leave a comment