Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում դրոնների հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել: Մարտի 16-ի առավոտյան ժամանակավորապես դադարեցրել են չվերթները։ Հաղորդվում է, որ օդանավակայանի տարածքում գտնվող վառելիքի բաքերից մեկը հրդեհվել է: Այս մասին հայտնում է reuters-ը՝ հղում անելով ԱՄԷ-ի իշխանություններին:
Սա արդեն երրորդ նմանատիպ միջադեպն է աշխարհի ամենածանրաբեռնված տրանսպորտային հանգույցներից մեկում փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո Իրանը պատասխան գործողություններ սկսեց Պարսից ծոցի երկրների դեմ:
Մերձավոր Արևելքի օդային տարածքի մեծ մասը փակ է հրթիռային և անօդաչուների հարձակումների սպառնալիքի պատճառով, ինչը հանգեցնում է չվերթների զանգվածային չեղարկումների, վերաուղղորդումների և վառելիքի գների կտրուկ աճի:
ԱՄԷ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակամարտության մեկնարկից ի վեր երկրի ՀՕՊ համակարգերն արդեն որսացել են ավելի քան 1500 իրանական անօդաչու թռչող սարք և շուրջ 300 հրթիռ, իսկ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ չորս խաղաղ բնակիչ:
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը զանգվածային ավիահարվածներ են հասցնում Իրանին։ Հարվածների հետևանքով սպանվել են ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իրանի ղեկավարության այլ անդամներ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի երկրներին։
Թեհրանը հայտարարել է առևտրային նավագնացության շրջափակման մասին Հորմուզի նեղուցում, որը գտնվում է Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի միջև՝ ջրային ուղի, որի միջով պատերազմից առաջ անցնում էր համաշխարհային նավթային առևտրի մոտավորապես մեկ հինգերորդը։ Սա հանգեցրել է վառելիքի գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում։
The post Դուբայի օդանավակայանը դրոնների հարվածի պատճառով ժամանակավորապես փակվել է appeared first on CIVILNET.