ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այս օրերին քաղաքացիները մոտենում են վարչապետին և հարցեր ուղղում՝ փոքր կենցաղային խնդիրներից մինչև ավելի գլոբալ հարցեր։ Հնչում են նաև առաջարկներ ու դիտողություններ։ Գրեթե բոլորը պարտադիր նշում են, որ այդ հարցերի վերաբերյալ նաև նամակ են գրել վարչապըտին, անձամբ են դիմել։ Վարչապետի արձագանքը շատ դեպքերում նույնն է լինում․ նա արդեն տեղյակ է բարձրացված խնդիրներից, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հասցրել է կարդալ քաղաքացիների ուղարկած նամակները և տվել է համապատասխան հանձնարարականներ։ Այս ամենից ուզում եմ երկու արձանագրում անել։ Առաջինը՝ քաղաքացին վստահ է, որ այն նամակը, որը ուղարկում է, ոչ միայն հասնում է հասցեատիրոջը, այլ նաև անձամբ կարդում է իր երկրի ղեկավարը և բարձրացված խնդիրները ստանում են համապատասխան ընթացք։ Երկրորդը՝ այստեղ խոսքը ոչ թե գերատեսչությունների նկատմամբ անվստահության մասին է, այլ հակառակը՝ պետական կառավարման համակարգի նկատմամբ բարձր վստահության մասին։ Քաղաքացին վստահ է, որ իր դիմումը, հասնելով վարչապետին, չի կորչի, այլ արագ կուղղորդվի և լուծման ընթացք կստանա։ Եվ սա, թերևս, ամենակարևորն է․ պետության ու քաղաքացու միջև ձևավորվում է անմիջական կապ, որտեղ մարդը վստահ է, որ իր ձայնը լսելի է և իր բարձրացրած խնդիրը անարձագանք չի մնա»,- գրել է Ազարյանը։