ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցմանն ուղղված որևէ կոնկրետ նախաձեռնություն դեռևս չի առաջարկվել։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում:
Անդրադառնալով քաղաքացիական կամ բնակելի տարածքների թիրախավորմանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարը պնդում է, որ Իրանը Մերձավոր Արևելքում չի թիրախավորել քաղաքացիական կամ բնակելի տարածքներ։ Նա ավելացրել է, որ «Թեհրանը պատրաստ է հարևան երկրների հետ ստեղծել հանձնաժողով՝ պարզելու, թե ով է պատասխանատու նման հարվածների համար»։
Արաղչին նաև նշել է, որ Իրանը շարունակում է կապ պահպանել Կատարի, Օմանի, Սաուդյան Արաբիայի և հարևան այլ պետությունների հետ դիվանագիտական ուղիներով:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։
The post ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցմանն ուղղված կոնկրետ նախաձեռնություն չի առաջարկվել․ Արաղչի appeared first on CIVILNET.