Կեղծ առաջին էջեր ու «արթնացած» հաշիվներ. ինչպե՞ս են շահարկում Հայաստանի և Ֆրանսիայի ընտրությունները

Լիլի Դուբոիս, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին Ֆրանսիայում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։ Դրա ֆոնին սոցցանցերում տարածվում են Հայաստանն ու Ֆրանսիան թիրախավորող կեղծ լուրեր, որոնք կրկնում են արդեն հայտնի ապատեղեկատվական արշավների մեթոդները։ Դրանք հիմնականում վերաբերում են Հայաստանում սպասվող խորհրդարանական և Ֆրանսիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։

X-ում (նախկինում Twitter) մարտի 10-ից տարածվում է անգլերեն ենթագրերով տեսանյութ, որում պնդվում է, թե հայ քաղտեխնոլոգների խումբ է մեկնել Ֆրանսիա՝ իբր ՏԻՄ ընտրությունների ժամանակ ձայների կեղծման մեխանիզմների վերաբերյալ փորձ փոխանակելու համար։

Одесса Zа Победу! տելեգրամյան ալիքի մարտի 11-ին տարածած գրառման մեջ նշվում է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանին դրդում է Ռուսաստանի դեմ պատերազմ սկսել:

#CivilNetCheck-ը գնացել է այս պնդումների հետքերով, ինչպես նաև ներկայացրել ապատեղեկատվական արշավներում օգտագործվող մեխանիզմները։

X-ում տարածվող տեսանյութերը շահարկում են Հայաստանի և Ֆրանսիայի ընտրությունները

X-ում տարածվող տեսանյութերը վերաբերում են Հայաստանում հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին և մարտի 15-ին ու 22-ին Ֆրանսիայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

Տեսանյութերից մեկում պնդվում է, թե հայ քաղտեխնոլոգները մեկնել են Ֆրանսիա՝ ձայների կեղծման (vote manipulation) մեխանիզմների վերաբերյալ փորձ ձեռք բերելու նպատակով, որը իբր պետք է կիրառվի Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Տեսանյութում նաև ասվում է, թե այցը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի միջև «գաղտնի համաձայնագրի» շրջանակում։

Տեսանյութում երևում է ամերիկյան՝ փաստերի ստուգմամբ զբաղվող NewsGuard կազմակերպության տարբերանշանը՝ տպավորություն ստեղծելով, թե տեղեկությունը հրապարակել է հեղինակավոր լրատվամիջոց։

Նույն գրառմանը կցված են նաև երկու տեսանյութեր Ֆրանսիայի ՏԻՄ ընտրությունների մասին։ Euronews-ի տարբերանշանով տարածվող տեսանյութում պնդվում է, թե ընտրություններից առաջ Ֆրանսիայում գրանցվել է վստահված անձանց ռեկորդային թիվ, որոնք պետք է քվեարկեն տարեց և ֆիզիկական խնդիրներ ունեցող քաղաքացիների փոխարեն։ Տեսանյութում նաև ակնարկվում է, որ դա կարող է վկայել ընտրական հնարավոր մանիպուլյացիաների մասին։

Էկրանապատկերը՝ X-ում տարածված կեղծ գրառումից

Իրականում, սակայն, նշված միջազգային լրատվամիջոցներից ոչ մեկը նման բովանդակությամբ հրապարակում չի արել։ Տեսանյութերում չի ներկայացվում որևէ փաստաթուղթ, պաշտոնական հայտարարություն կամ վստահելի աղբյուր, որոնք կհաստատեին այդ պնդումները։

Տեսանյութը տարածող X էջերը ակտիվացել են այս տարվա մարտից

Հայ քաղտեխնոլոգների՝ ընտրություններին ընդառաջ Ֆրանսիա մեկնելու և Ֆրանսիայում վստահված անձանց «ռեկորդային» գրանցման մասին տեսանյութերը X-ում տարածել է Jocelyn McMorrow անունով օգտատերը։

Օգտատիրոջ էջում հասանելի հրապարակումները սկսվում են 2012 թվականից, սակայն 2013-ից հետո գրեթե որևէ ակտիվություն չի նկատվում։ Էջը կրկին ակտիվացել է միայն վերջերս՝ 2026 թվականի մարտի 9-ից։

Երկարատև «լռությունից» հետո օգտահաշվի հանկարծակի ակտիվացումը հաճախ դիտարկվում է որպես նշան, որ հաշիվը կարող է վերագործարկված կամ փոխանցված լինել՝ տեղեկատվական արշավներում օգտագործվելու համար։

Jocelyn McMorrow-ի գրառումները վերահրապարակել են նաև այլ օգտատերեր։ Նրանցից շատերը, առաջին հայացքից, որևէ ակնհայտ կապ չունեն Հայաստանի կամ Ֆրանսիայի հետ և ունեն ասիական անվանումներով էջեր։

Էկրանապատկերում՝ գրառումը տարածած օգտատերերը

Բացի այդ, նույն օգտահաշիվները տարածում են նաև կեղծ կամ չհաստատված հրապարակումներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին։ Այս էջերը ևս նախկինում ակտիվ չեն եղել և սկսել են ակտիվանալ միայն այս տարվա մարտից։

Տելեգրամյան ալիքները տարածում են ֆրանսիական թերթերի կեղծ առաջին էջեր

Հայաստանի և Ֆրանսիայի ընտրություններին առնչվող կեղծ պնդումներ են տարածվում նաև ռուսալեզու տելեգրամյան ալիքներով։ «Одесса Zа Победу!» ալիքը հրապարակել է գրառում, որին կցված են ֆրանսիական Liberation, Le Parisien և Ֆրանսիայի հրեական համայնքի ActuJ թերթերի առաջին էջերի պատկերներ։ Տարածվող կադրերում պատկերված են Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը, իսկ վերնագրերում պնդվում է, թե Մակրոնը Փաշինյանին «դրդում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ»։

Էկրանապատկերում՝ տելեգրամյան կեղծ գրառումը

Ալիքն իբրև թարգմանել է առաջին էջերի վերնագրերը։

«Մակրոնը երաշխավորում է Փաշինյանին աջակցություն ընտրություններից հետո, եթե նա պատերազմ հայտարարի Ռուսաստանի դեմ»,- նշված է տելեգրամյան ալիքում։

Liberation-ն էլ իբր գրել է. «Փոքրիկ դավադիրը ժամանել է Ֆրանսիա: Փաշինյանը շարունակում է փորձել Մակրոնից ստանալ լավագույն գործարքը, որպեսզի Ռուսաստանի հետ կոնֆլիկտ հրահրի»։

Այնուհետև այս գրառումնու «լուրը» տարածել են մի շարք տելեգրամյան ալիքներ։

Էկրանապատկերում՝ կեղծ գրառումը տարածած տելեգրամյան ալիքները

Liberation, Le Parisien և Actuj թերթերի պաշտոնական կայքերում հասանելի են դրանց էլեկտրոնային տարբերակները։ Դրանք ցույց են տալիս, որ տարածվող լուսանկարները կեղծ են: Liberation-ի մարտի 10-ի համարի առաջին էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, Le Parisien-ի առաջին էջի թեման վառելիքի գների աճն է։ Actuj-ը շաբաթաթերթ է, և հրապարակման օրվան՝ մարտի 10-ին, ամենամոտ համարները մարտի 4-ի և մարտի 11-ի թողարկումներն են։ Այդ համարների առաջին էջերը նույնպես տարբեր բովանդակություն ունեն և չեն համապատասխանում տարածվող պատկերին։

Liberation, Le Parisien և ActuJ թերթերի պաշտոնական կայքերում հասանելի են դրանց էլեկտրոնային տարբերակները, որոնք ցույց են տալիս, որ սոցցանցերում տարածվող առաջին էջերի պատկերները կեղծ են։ Liberation-ի մարտի 10-ի համարի առաջին էջում պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Le Parisien-ի նույն օրվա առաջին էջի հիմնական թեման վառելիքի գների աճն է։ ActuJ-ը շաբաթաթերթ է, և մարտի 10-ին այն նոր համար չի ունեցել․ հրապարակմանը ամենամոտ թողարկումները մարտի 4-ի և մարտի 11-ի համարներն են, որոնց առաջին էջերը ևս չեն համապատասխանում տարածվող պատկերներին։ Թեմային անդրադարձել են նաև «Հետքի» մեր գործընկերները:

Ի՞նչ է հայտնի գրառումը տարածած տելեգրամյան էջերի մասին

Կեղծ գրառումն առաջինը տարածած «Одесса Zа Победу!» տելեգրամյան ալիքը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին։ Այն ունեցել է նաև այլ անվանումներ․ սկզբում կոչվել է alen7323, ապա՝ OdessaZa և OdessaRussi։

Ալիքը նախկինում էլ տարածել է կեղծված բովանդակություն։ Օրինակ՝ մեկ այլ գրառմամբ հրապարակել էին Libération և Le Parisien թերթերի կեղծ առաջին էջեր, որոնցում իբրև ֆրանսիական լրատվամիջոցները քննադատում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Պատկերները նույնիսկ ցուցադրվել են ռուսական «Առաջին ալիքի» եթերում։ Սակայն փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունները պարզել են, որ այդ պատկերները կեղծ են։ 

Նույն սխեմաները ապատեղեկատվական արշավներում

Այսպիսով, Հայաստանի և Ֆրանսիայի ընտրությունների շուրջ տարածվող տեսանյութերն ու պատկերները հիմնված են չհաստատված պնդումների և կեղծված բովանդակության վրա։ Դրանք հաճախ օգտագործում են հայտնի լրատվամիջոցների լոգոներ կամ առաջին էջերի կեղծ պատկերներ՝ ստեղծելով վստահելիության պատրանք։ Նման բովանդակությունը տարածվում է սոցիալական ցանցերում և տելեգրամյան ալիքներով՝ հաճախ անանուն կամ երկար ժամանակ անգործունյա օգտահաշիվների միջոցով։

Այս մեթոդները հիշեցնում են «Մատրյոշկա» անվամբ հայտնի ապատեղեկատվական արշավի գործելաոճը, երբ կեղծ կամ մանիպուլացված նյութերը սկզբում հրապարակվում են սոցիալական հարթակներում, ապա համակարգված կերպով տարածվում տարբեր հաշիվների և ալիքների միջոցով՝ փորձելով ներգրավել լրագրողների ու փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը։ Այս հոդվածում ներկայացված դեպքերը ևս ցույց են տալիս նման մեխանիզմների կիրառումը՝ ընտրությունների շուրջ ապատեղեկատվություն տարածելու համար։

The post Կեղծ առաջին էջեր ու «արթնացած» հաշիվներ. ինչպե՞ս են շահարկում Հայաստանի և Ֆրանսիայի ընտրությունները appeared first on CIVILNET.

Leave a comment