Իրանի շուրջ լարվածությունը շարունակում է աճել


Իրանից հայտնել են, որ պատերազմի մեկնարկից ի վեր ամենազանգվածային հարվածն են հասցրել Իսրայելի տարածքին․ կիրառվել է մի քանի տասնյակ գերծանր բալիստիկ հրթիռ: Հաղորդվում է Թել Ավիվում ավերածությունների մասին: Թիրախում են հայտնվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային տերմինալներից մեկը, Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը:


 


Իսրայելա-ամերիկյան ուժերն էլ հարվածել են Թեհրանին և իրանական այլ բնակավայրերի:


 


Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հրահանգով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն իրականացրել է Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը և ոչնչացրել է Խարգ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները:


 


Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ ներկայումս կենտրոնացած են Իրանի հրթիռները և ԱԹՍ-ները ոչնչացնելու ուղղությամբ, հետագայում կարող են զբաղվել նաև հարստացված ուրանի հարցով: «Մենք կարող էինք ոչնչացնել Իրանի բոլոր օբյեկտները մեկ ժամում, բայց մտածում ենք ժողովրդի մասին»,- ընդգծել է նախագահը:


 


Թրամփը խոսել է Իրանի նոր գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրված Մոջթաբա Խամենեիի մասին, որի հետ կապված տեղեկություն տրամադրելու համար Պետքարտուղարությունը 10 միլիոն դոլարի պարգևավճար է սահմանել:


 


«Մենք երկու անգամ ոչնչացրինք նրանց ղեկավարությունը: Հիմա նրանք փորձում են երրորդ անգամ առաջնորդ ունենալ, բայց ոչ ոք չգիտի՝ որտեղ է Խամենեիի որդին: Նա հավանաբար ողջ է և վիրավոր»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:


 


Թրամփի խոսքով՝ Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց ոչ այնպիսին, ինչպիսին ինքը պատրաստ է ընդունել: Իսրայելից էլ կարծիք են հայտնել, որ պատերազմը դեռ կշարունակվի առնվազն ևս 2 շաբաթ:


 


Անկարան մեկնաբանել է մարտի 13-ին Թուրքիայի ուղղությամբ հրթիռային արձակումը: Ավելի վաղ Հանրապետության ՊՆ-ն նմանատիպ արդեն երրորդ միջադեպի համար մեղադրել է Իրանին, մինչդեռ Թեհրանը հերքել է տեղի ունեցածի հետ կապը՝ իր հերթին մեղադրելով Իսրայելին:


 


Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ ծայրահեղ զգույշ են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելուն ուղղված թակարդների և սադրանքների հարցում։


 


«Կենտրոնանում ենք տեղի ունեցողի ոչ միայն ակնհայտ կողմի, այլև կուլիսներում զարգացումների վրա։ Վերլուծում ենք բոլոր նյուանսները»,- հավելել է Թուրքիայի նախագահը:


 


Հորմուզի նեղուցի փակման ֆոնին պահպանվում է լարվածությունը համաշխարհային էներգետիկայի ոլորտում:


 


Սպիտակ տունը հայտարարել է, որ սկսել են ավելի շատ նավթ և գազ արդյունահանել՝ կանխելու մատակարարումների ընդհատումները: Կրեմլի խոսնակն էլ նշել է, որ այժմ աշխարհին առավել քան երբևէ անհրաժեշտ են ռուսական էներգակիրները:


 


Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ կողմից հակառուսական պատժամիջոցների թուլացումից հետո ավելի շատ երկրներ են ցանկանում ռուսական նավթ գնել:

Leave a comment