ՀՀ անկախության պաշտպանության մարտերում պետք է լինենք մեկ ճակատում. ՀԱԿ համագումարում կուսակցությունները բարձրաձայնում են ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացման մասին

«Ելույթս կսկսեմ այս գիշեր դատարանի կողմից ապօրինաբար ընդունված հերթական որոշումից, որը ցույց տվեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը համակարգված կերպով խաթարում է Հայաստանի ժողովրդավարական պետության լեգիտիմությունը: Այսօր Հայաստանը կանգնած է ներքին եւ արտաքին լրջագույն մարտահրավերների առաջ, սպառնալիքների տակ է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլեւ հայի ինքնությունը, մեր պատմությունը, մեր ազգային արժանապատվության եւ ինքնության հենասյուն Հայ Առաքելական Սուրբ  եկեղեցին»,- ՀԱԿ-ի 5-րդ համագումարի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միքայելյանը:

«Այսօր գտնվում ենք այն դահլիճում, որտեղ շուրջ 36 տարի առաջ՝ 1990 թ․ օգոստոսի 23-ին տեղի ունեցավ Հայոց պատմության մեջ ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, եւ դրվեց Հայաստանի Հանրապետության պետականության հիմքը: Այն ժամանակ հավաքված մարդկանցից որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ այսօր կփորձեն ջնջել պատմության այդ էջը, ոչնչացնել մեր Երրորդ Հանրապետության ծննդյան վկայականը»,-ասաց Արթուր Միքայելյանը: Միքայելյանը նշեց, որ Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքները չեզոքացնելու ճանապարհը բոլոր  առողջ ուժերը պետք է միասին անցնեն:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ փոքր էքսկուրս արեց իրենց եւ ՀԱԿ-ի համագործակցության մասին: Ի թիվս այլնի, Մարուքյանը Էդմոն Մարուքյանը նշեց. «Միակ ուժը, որն ուզում է, որ Հայաստանի ծննդյան վկայական Անկախության հռչակագիրը վերանա, գործող իշխանությունն է, հետեւաբար մնացած բոլոր ուժերն այստեղ անելիք ունեն: ՀԱԿ-ը որպես անկախական ուժ եւ մենք բոլորս Հայաստանի անկախության պաշտպանության մարտերում, որը հիմա մղվում է , պետք է միասին կանգնենք մեկ ճակատում»: Նա ասաց, որ ողջունում են Լեոն Տեր-Պետրոսյանի վերջին ուղերձները, որոնք միտված են Հայաստանի քաղաքական դաշտում կոնսոլիդացիայի ապահովմանը եւ հնարավորինս ավելի խոշոր բեւեռով հանդես գալուն:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր  Մեսրոպ Առաքելյանի ձեւակերպմամբ, ՀԱԿ-ը վերջին 20 տարում իր ուրույն եւ նշանակալից դերն է ունեցել Հայաստանի քաղաքական դաշտում: Նրա խոսքով ՀԱԿ-ը միշտ եւ հատկապես վերջին շրջանում անում է առավելագույնը ընդդիմադիր դաշտում արդյունավետ համագործակցության ուղղությամբ: Նա նշեց, որ Ապրելու Երկր կուսակցությունը եւս ՀԱԿ-ի հետ ունեցել է համագործակցության եզրեր: Մեսրոպ Առաքելյանի խոսքով, ՀԱԿ-ի եւ մնացած ընդդիմադիրների դերը առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր արդյունքը կտա:

Համագումարն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment