Ներկայացնում ենք քաղաքագետ, «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի Как изменит мир война против Ирана հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ֆյոդոր Լուկյանով
Պատերազմի պատճառների մասին
Իրանի դեմ պատերազմը վերջին փուլն է վերացնելու 20-րդ դարում՝ գաղութատիրական կայսրությունների անկման եւ փլուզման ժամանակաշրջանում ձեւավորված Մերձավոր Արեւելքի հիմնակմախքը: Ներկայիս փուլի մեկնարկային կետը, թերեւս, 35 տարի առաջ տեղի ունեցած «Փոթորիկ անապատում» ռազմական գործողությունն էր, երբ ԱՄՆ-ն առաջին անգամ հարձակվեց Իրաքի վրա, որպեսզի ազատագրի Քուվեյթը, որն օկուպացրել էր Սադդամ Հուսեյնը: Այդ իրադարձությունները տեղի ունեցան միջազգային հարաբերությունների շրջադարձային պահին՝ Սառը պատերազմի ավարտ, ԽՍՀՄ ինքնաոչնչացում եւ «միաբեւեռ պահ», այլ կերպ ասած՝ աշխարհում Միացյալ Նահանգների գերիշխանություն:
Դրան հետեւած ամեն ինչ՝ 2001 թվականի սեպտեմբերին իսլամիստների հարձակումները Նյու Յորքում եւ Վաշինգտոնում, ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարը, Աֆղանստանում վրեժխնդիր գործողությունները, ներխուժումը Իրաք 2003 թվականին, «Արաբական գարունը», միջամտությունը Լիբիայում, քաղաքացիական պատերազմի հրահրումը Սիրիայում եւ այլն, նշանակում էր ներքաշվել հորձանուտի մեջ եւ արագորեն կորցնել վերահսկողությունը գործընթացի նկատմամբ: ԱՄՆ-ի (հետագայում՝ բոլոր մյուսների) քաղաքականությունը դարձավ ընթացիկ արձագանքը արագ փոփոխություններին, եւ Միացյալ Նահանգները ստիպված էին դուրս գալ իրենց իսկ կողմից ստեղծված թակարդից, ինչն անհնարին էր՝ առանց կորցնելու ազդեցությունը ոչ միայն Մերձավոր Արեւելքում։
Հետադարձ հայացք գցելով՝ կարելի է եզրակացնել, որ վերջին տասնամյակներում Մերձավոր Արեւելքի վերաբերյալ Սպիտակ տան գրեթե բոլոր որոշումները իրավիճակային են եղել։ Հնարավոր հետեւանքները չեն հաշվարկվել նույնիսկ երկու կամ երեք քայլ առաջ՝ չնայած յուրաքանչյուր առանձին քայլ ներկայացվել է որպես գաղափարախոսորեն եւ աշխարհաքաղաքականորեն հիմնավորված ռազմավարություն։
Իրանը ամենահզոր երկիրն է, որի հետ անմիջականորեն բախվել է ԱՄՆ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Սա ռազմական կարողությունների հարց չէ, այլ ընդհանուր ներուժի, մասշտաբի եւ ավանդույթի։ Ամբողջ տարածաշրջանային կառուցվածքի եւս մեկ հենասյուն (Բաղդադի եւ Դամասկոսի նման պատմական եւ մշակութային կենտրոններից հետո) ջախջախելու փորձը հղի է ծանր հետեւանքներով՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի հարձակողական փուլը։
Իսրայելի դերի մասին
Վաշինգտոնում տարածված կարծիք կա, որ Նեթանյահուն եւ Թրամփը պայմանավորվել են Իրանի դեմ մեծ պատերազմ սկսել Նոր տարվա նախօրեին, եւ վճռորոշը Իսրայելի վարչապետի կարծիքն էր։ Թրամփը հրաժարվեց չմիջամտելու սկզբունքներից. Սպիտակ տունը, հավանաբար, սխալ գնահատեց Իրանի քաղաքական իրավիճակը՝ արագ փլուզում ակնկալելով։ Նրանք հույս ունեին կրկնել անցյալ տարվա հունիսի սցենարը՝ «վիրաբուժական», ցնցող հարված եւ հաղթանակի հռչակում։ Երբ դա տեղի չունեցավ, եւ ամբողջ տարածաշրջանը անկայունացավ, ԱՄՆ վարչակազմը հայտնվեց մի իրավիճակում, որից վախենում էր. այն չի կարող դուրս գալ խաղից՝ առանց պարտվողի դերում հայտնվելու ռիսկի։
Քաղաքական առումով Թրամփին անհրաժեշտ էր ոչ այնքան իսրայելական լոբբիի, որքան ամերիկացի ավետարանականների մեծ եւ հարուստ համայնքի աջակցությունը, որոնց համար Իսրայելը կարեւոր է որպես Քրիստոսի ապագա երկրորդ գալստյան վայր։ Իսկ անձնական մակարդակում որոշիչ գործոնը նախագահի փեսա Ջարեդ Քուշներն էր, որը սերտորեն կապված է Իսրայելի շահերի եւ, մասնավորապես, վարչապետ Նեթանյահուի շրջապատի հետ։
Պատերազմի հնարավոր արդյունքների մասին
Երկու գործոն պետք է հեռանկարում ձեւավորի Արեւմտյան Ասիան. Իսրայելի ռազմական գերիշխանությունը ամբողջ տարածաշրջանում եւ Իսրայելի ֆինանսատնտեսական միահյուսումը Պարսից ծոցի միապետությունների հետ, որից ԱՄՆ-ն զգալի օգուտ կքաղի: Թուրքիան մնում է անկախ խաղացող, բայց այն ՆԱՏՕ-ի անդամ է եւ նրա հանդեպ ազդեցության լծակներ կան, իսկ Իսրայելում արդեն խոսում են այն մասին, որ հաջորդ փուլում պետք է պարզել հարաբերություններն Անկարայի հետ:
Իսրայելը, ըստ երեւույթին, հետաքրքրված է արմատական սցենարով, ներառյալ Իրանի ներկայիս տեսքով կազմաքանդումը՝ ոչ միայն քաղաքական, այլեւ տարածքային առումով: Սակայն այաթոլլաների ռազմական եւ քաղաքական ազդեցության վերացումը նույնպես ընդունելի արդյունք է:
Այնուամենայնիվ, նույնիսկ եթե Իրանի ռազմական պարտությունը տեղի ունենա համեմատաբար արագ, ապագան մնում է անորոշ: Իրաքի օրինակը 2003 թվականին, երբ ամենամեծ խնդիրները սկսվեցին Ջորջ Բուշ կրտսերի կողմից ռազմական հաղթանակ հայտարարելուց անմիջապես հետո, լավ բան չի խոստանում: Վաշինգտոնը կնախընտրեր սիրիական սցենարը Ասադների ընտանիքի անկումից հետո. իշխանության եկած իսլամիստները գործունակ են եւ պատրաստ են բանակցելու: Բայց սա հիմնականում բախտի բերման արդյունք էր, եւ բացի դրանից, գործընթացն ամենեւին ավարտված չէ, իսկ մասշտաբները բոլորովին այլ են։
Պատերազմի հետեւանքների մասին համաշխարհային մասշտաբով
Իրավական ընթացակարգերի անտեսումը նոր մակարդակի է դուրս եկել։ Իրաք ներխուժելու նախապատրաստական շրջանում ԱՄՆ վարչակազմը, այնուամենայնիվ, փորձեց հավանություն ստանալ թե՛ երկրի ներսում, թե՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Թրամփի վարչակազմը սկզբունքորեն նման բան չի անում։ Ուժի կիրառումը, այդ թվում՝ ընդունված նորմերի խախտումով եւ ակնհայտորեն ավելի թույլ հակառակորդի դեմ, նորություն չէ։ Սակայն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը միջազգային հարաբերություններում արմատավորում են անզուսպ ուժի կիրառումը՝ բացահայտորեն արդարացնելով այն պարզապես ուժի առկայությամբ։ Բազում պետությունների դեմ ուղղված սպառնալիքները հիշեցնում են այն հեռավոր դարաշրջանը, երբ դիվանագիտական ծեսերը ավելորդ էին համարվում։
Հատուկ ուշադրության է արժանի Իսրայելի գլխատող հարվածը (հրապարակայնորեն հավանության արժանացած ԱՄՆ-ի կողմից), որի հետեւանքով զոհվեց Իրանի գերագույն առաջնորդը, նրա ընտանիքի անդամները եւ ռազմական ղեկավարության զգալի մասը։ Այս գործելաոճը, որը Իսրայելը վաղուց կիրառում էր կիսառազմական եւ ահաբեկչական խմբավորումների առաջնորդների դեմ, երբեք չէր կիրառվել միջազգայնորեն ճանաչված պետությունների ղեկավարների նկատմամբ։ Եզրակացությունները, որոնք անում են Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ հակամարտության մեջ գտնվող կամ նման հակամարտության ռիսկի ենթարկվող երկրների առաջնորդները, կախված են նրանց կարողություններից։ Սակայն ԱՄՆ-ի դաշնակից չհանդիսացող միջուկային տերությունների առաջնորդները իրավունք ունեն քննարկելու ոչ միայն զինանոց ունենալու, այլեւ այն օգտագործելու կարեւորությունը։
Դոնալդ Թրամփի մոտեցումը (ոչ միայն այս պատերազմում, այլեւ ընդհանուր առմամբ) մերժում է ցանկացած այլ ինստիտուտ, բացի իր կողմից ստեղծվածներից (Խաղաղության խորհուրդ, որն, ի դեպ, նույնպես լռում է)։ Թրամփը մտադիր է յուրաքանչյուր երկրի հետ առանձին գործ ունենալ՝ պատճառաբանությամբ, որ այս ձեւաչափով Ամերիկան ուժեղ է ցանկացած երկրից՝ բացի Չինաստանից եւ, որոշ չափով, Ռուսաստանից։
Երկրների կողմից Վաշինգտոնի նկատմամբ իրենց դիրքերը ամրապնդելու եւ ուժերը միավորելու ցանկացած փորձ առաջացնում է Թրամփի ցասումը։ Իսկ քանի որ ոչ ոք չի ցանկանում նոր մաքսատուրքեր կամ այլ պատժիչ միջոցներ ստանալ, բոլորը, այդ թվում՝ Չինաստանը, նախընտրում են մանեւրել եւ խուսափել՝ երկկողմ համաձայնագրերի հույս ունենալով։
Բոլորն այժմ նախընտրում են առավելագույնի հասցնել իրենց մարտունակությունը։ Սակայն միջազգային հարաբերությունների հյուսվածքի քայքայումը, որի ուղղությամբ ներկայում աշխատում են ամենավճռական համաշխարհային դերակատարները, ավելի շատ խնդիրներ կստեղծի բոլորի համար։ Եվ դրանք ավելի հեշտ է լուծել՝ միավորելով ուժերը սեփական շահերի եւ անվտանգության համար, այդ թվում՝ զսպելով ամենադեստրուկտիվ միջազգային դերակատարներին։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: