Իրանը սպառնում է ԱՄՆ-ին հարձակվել տարածաշրջանային նավթագազային օբյեկտների վրա

Քաղաքականություն

14.03.2026 | 12:15

Իրանի իշխանությունները սպառնացել են Միացյալ Նահանգներին, որ եթե հարձակումներ սկսվեն երկրի նավթային և այլ էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ապա «տարածաշրջանում ամերիկյան բոլոր համապատասխան օբյեկտները կոչնչացվեն»։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ղեկավարության խոսնակը Press TV պետական ​​անգլալեզու հեռուստաալիքի եթերում, հաղորդում DW-ի ռուսական ծառայությունը։

Թեհրանի մեկնաբանությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որ «Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը» ոչնչացրել է Խարգ կղզում գտնվող «բոլոր ռազմական թիրախները», որի միջով անցնում է Իրանի նավթի արտահանման 90%-ը։

Իրանական Fars պետական ​​լրատվական գործակալությունը նույնպես նախազգուշացում է տարածել Միացյալ Նահանգներին այս հարձակումից հետո։ Տեքստում նշվում է, որ էներգետիկ ոլորտի վրա ամերիկյան հարվածները կհանգեցնեն «տարածաշրջանային նավթագազային բոլոր ենթակառուցվածքների հրկիզմանը և ոչնչացմանը, որոնցում Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները շահագրգռված են»։

Նշենք, որ Թրամփը հայտարարել էր, որ պարկեշտության նկատառումներից ելնելով որոշել է չոչնչացնել իրանական Խարգ կղզու նավթային ենթակառուցվածքները: «Այնուամենայնիվ, եթե Իրանը կամ որևէ մեկը ինչ որ բան անի՝ խանգարելու նավերի ազատ և անվտանգ անցմանը Հորմուզի նեղուցով, ես անմիջապես կվերանայեմ այս որոշումը»,- ասել էր ԱՄՆ առաջնորդը։

Նավթի գները բարձրանում են Մերձավոր Արևելքում լարվածության սրման և Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու պատճառով: Համեմատության համար նշենք, որ մինչև Իրանի հետ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմը, նավթի մեկ բարելի գինը, փետրվարի 28-ի առավոտյան, կազմում էր մոտ 73 դոլար, իսկ մարտի 14-ի առավոտյան, այն հասել էր 103 դոլարի։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment