Եթե Երեւան եկած որեւէ հյուր այցելի Հայ բռնադատված զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, ապա, կարծում եմ, միանգամայն պատեհ կլինի այդ հյուրին նվիրել գիրք, որը պատմում է ստալինյան բռնաճնշումների մասին: Եթե նա այցելի հայ-իրանական հետազոտական կենտրոն, ապա միգուցե ճիշտ կլինի, որ հյուրին նվիրեն մեր երկու ժողովուրդների հարաբերություններին վերաբերող հետազոտություն: Իսկ Կոմիտասի տուն-թանգարանում, ենթադրենք՝ որպես նվեր կարող է ընծայվել մեր ժողովրդական երգերի ժողովածուն: Կոնկրետ ում ինչ գիրք նվիրել, դա ամբողջապես տվյալ հիմնարկի, կառույցի, տվյալ ինստիտուտի որոշելիքն է:
Նույն տրամաբանությամբ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այդ կառույցի տնօրենն է որոշում, թե ինչ գիրք է նվիրում հյուրին: Իմ ընկալմամբ, Արցախի թեմայով գիրքը միանգամայն տեղին է, որովհետեւ երիտթուրքերի, քեմալական Թուրքիայի, խորհրդային Ադրբեջանի եւ անկախ Ադրբեջանի կառավարությունները գործել ու գործում են միեւնույն՝ ցեղասպանական տրամաբանությամբ: Ի դեպ, այդ հարցով միջազգային ամենահայտնի կառույցներից մեկը՝ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, նույն կարծիքին է:
Իհարկե, Հայաստանում կարող են լինել քաղաքացիներ, այդ թվում՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ, որոնք այլ կարծիք ունեն: Բայց այստեղ կարեւորն այն է, որ ո՛չ իմ, ո՛չ էլ նրանց կարծիքը որոշիչ նշանակություն չունի: Որոշումն ընդունում է այդ կառույցի ղեկավարը՝ առաջնորդվելով իր գիտելիքներով ու համոզմունքներով:
Երբ գործադիր իշխանությունը խառնվում է գիտական հիմնարկների որոշումներին եւ իր քաղաքական նախասիրությունների հիման վրա կադրային հարցեր է լուծում, դա հատուկ է հենց ավտորիտար ռեժիմներին: Այդ համակարգում գիտական եւ ուսումնական հիմնարկները գտնվում են մեկ անձի ամբողջական վերահսկողության տակ: Հենց դա՛ է Փաշինյանի ձգտումը:
Եվ ինչո՞ւ միայն այդ կառույցները: Նա նաեւ (իր գրպանային դատարանների միջոցով) փորձ է անում իրեն ենթարկեցնել եկեղեցին, ձեռնադրել եւ կարգալույծ անել քահանաների, նշանակել եւ աշխատանքից ազատել թեմերի առաջնորդների: Վերջերս էլ վարչապետը որոշել է վերահսկել պատարագների բովանդակությունը՝ որ դրանց ընթացքում չարտասանվի «Արցախ» բառը: Չեմ զարմանա, եթե այդ հարցով դատական գործընթացներ սկսվեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: