Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը գրում է.
«Դոկտոր Էդիտա Գզոյանի պաշտոնանկության հետ կապված կրքերը մոլեգնում են: Ոմանք գրել են որ նրան «գործից հեռացրել են»: Շատերը գրել են նրա մասին, որ գիտնականին տնօրենի պաշտոնից պաշտոնանկ անելը խախտում է նրա ակադեմիական ազատությունը:
Նախ եկեք մանրամասնենք, որ դոկտոր Գզոյանին, ըստ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանի, գործից չեն ազատել: Նա վայր է դրել տնօրենի մանդատը, և վերադարձել է իր գիտական աշխատատեղին:
Երկրորդ, ի՞նչ բան է ակադեմիական ազատությունը: Այս ազատությունը թույլ է տալիս գիտնականին բարձրաձայնել իր գիտական արդյունքների մասին: Անգամ ակտիվիստի դերով: Ակադեմիական ազատությունը (որը հիմնականում բացակայում է հայկական ԲՈՒՀերում) ծայրահեղ կարևոր է գիտության զարգացման համար:
Բայց երբ գիտնականը իր վրա է ստանձնում ՏՆՕՐԵՆԻ պաշտոնը, ապա նա դառնում է պաշտոնյա: Նա դառնում է կազմակերպիչ, և ուզած-չուզած խառնվում է քաղաքական գործընթացներին: Հայաստանում էլ, Ամերիկայում էլ, Զանզիբարում էլ: Ուրիշ բան ակնկալել ուղղակի միամիտ է:
Եվ եթե ինստիտուտի տնօրենը իրեն թույլ է տալիս քաղաքականորեն սխալ քայլ, ապա դա լուրջ պրոբլեմ է: Այդ դեպքում ակադեմիական ազատությունը նրան էլ չի պաշտպանում:
Ի՞նչ է եղել ՋԴ Վենսի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ: ըստ որոշ վարկածների, դոկտոր Գզոյանը շեղվել է (հենց շեղվել է) հաստատված օրակարգից, և Վենսին նվիրել է Արցախի հակամարտությանը նվիրված մի գիրք: Այսինքն ինքնագլուխ ներմուծել է հաստատված օրակարգի մեջ իր անձնական քաղաքական օրակարգը: ԵԹԵ սա ճշմարիտ է, ապա պաշտոնյա Գզոյանը խախտել է իր վրա դրված վստահությունը:
Այդ դեպքում նա չի կարող շարունակել լինել ինստիտուտի տնօրեն: Գիտնական` այո: Բայց ոչ տնօրեն:
Նաև հայտնի է դարձել որ ամերիկյան կողմը եղել է չափազանց դժգոհ` Գզոյանի արարքից (մանրամասներով չեմ կարող կիսվել): Քանի որ դա դրել է ՋԴ Վենսին դժվար դրության մեջ` Բաքվում իր այցելության ժամանակ:
Պետք էր բավարարվել նրանով, որ աշխարհի հզորությամբ #2 մարդը եկել այցելել էր Ծիծեռնակաբերդը, ու հարգանքի տուրք էր մատուցել 1.5 մլն նահատակներին: Վերցնել ու դրա վրա էլ pigyback անել Արցախի չափազանց լիցքավորված թեման դա քաղաքական սխալ էր:
Այստեղ երկու կարևոր հարց կա: Արդյո՞ք այցի օրակարգը իսկապես հաստատված և քննարկված էր տնօրենի հետ, և արդյո՞ք նա, փաստորեն, ինքնագլուխ այն փոփոխել է: Թե՞ ուղղակի մարդուն ասել են «դե ցույց տուր էլի Ծիծեռնակաբերդը» և նա իր հայեցողությամբ ցույց է տվել ինչ ուզել է: Եթե առաջինը, ապա մեղավորը անկասկած տնօրենն է: Իսկ երկրորդ դեպքում` ԱԳՆ:
Նաև արժե անդրադառնալ վարչապետի կացնային «ես եմ ասել լավ եմ արել» հայտարարությանը: Եթե այս փաստերը ավելի թափանցիկ ու մանրամասն փոխանցվեին հանրությանը, ապա այս իրավիճակը չէր դառնա ՀՀ քաղաքական դաշտի ոչ-բարեխիղճ դերակատարների համար զինամթերք` կառավարության դեմ: Պետք է մտածել նախքան խոսելը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: