Թրամփը G7-ի երկրների առաջնորդներին ասել է, որ Իրանը «պատրաստ է հանձնվել». Axios

Քաղաքականություն

13.03.2026 | 16:07

ԱՄՆ նախագահ Թրամփը չորեքշաբթի G7-ի առաջնորդների հետ տեսահանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը «պատրաստ է հանձնվել»։ Այս մասին հաղորդում  է Axios-ը՝ հղում անելով G7-ի երկրների երեք պաշտոնյաների, որոնք ծանոթ են տեսազանգի բովանդակությանը, փոխանցում է Reuters-ը։

Աղբյուրի համաձայն՝ Թրամփը դաշնակիցներին ասել է, որ «ազատվել է քաղցկեղից, որը սպառնում էր մեզ բոլորիս»՝ պարծենալով «Էպիկական ցասում» գործողության արդյունքներով։ Թրամփն ասել է, որ «ոչ ոք չգիտի, թե ով է առաջնորդը, ուստի չկա մեկը, որը կարող է հայտարարել կապիտուլյացի մասին», հաղորդում է Axios-ը։

Սպիտակ տունն անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

ԱՄՆ նախագահը նաև իրանցի առաջնորդներին անվանել է «խելագար սրիկաներ»՝ հայտարարելով, թե նրանց սպանելը «մեծ պատիվ» է։

Truth Social սոցիալական ցանցում գրառման մեջ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ամբողջությամբ ոչնչացնում է Իրանի ահաբեկչական ռեժիմը»։

«Մենք ունենք աննախադեպ կրակային հզորություն, անսահմանափակ զինամթերք և շատ ժամանակ։ Տեսեք, թե ինչ է կատարվում այս խելագար սրիկաների հետ այսօր»։ Նրանք 47 տարի շարունակ սպանել են անմեղ մարդկանց ամբողջ աշխարհում, և հիմա ես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը, սպանում եմ նրանց։ Ի՜նչ մեծ պատիվ է»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին՝ Թեհրանի վրա զանգվածային հարվածներ հասցնելով, որի հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և մի քանի բարձրաստիճան իրանցի անվտանգության պաշտոնյաներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment