Հարված Բեյրութի կենտրոնին. Մերձավոր Արևելքը մտնում է էսկալացիայի նոր փուլ

Իսրայելը հարվածել է Բեյրութի կենտրոնին և ընդլայնում է գործողությունները


ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող երկու շենքերի, Բաչուրա շրջանում, ընդ որում օբյեկտներից մեկը գտնվել է կառավարական Grand Serail համալիրից մեկ կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա։


Հարձակումը հաջորդել է Hezbollah-ի կողմից Իսրայելի ուղղությամբ՝ ընթացիկ փուլի հակամարտության մեկնարկից ի վեր ամենախոշոր հրթիռային համազարկին, գրում է Reuters–ը։


Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է գործողության ընդլայնման մասին, իսկ ԳՇ պետ Էյալ Զամիրը նախազգուշացրել է, որ Լիբանանում արշավը «կարճ չի լինելու»։


Հարվածից առաջ Իսրայելի բանակը նախազգուշացում է տարածել բնակիչներին՝ հայտարարելով, որ մոտակայքում գտնվում է Hezbollah-ի օբյեկտ։ Նույն օրը Բեյրութին հասցված ևս մեկ հարվածը, Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով, խլել է 12 մարդու կյանք ափամերձ շրջանում, որտեղ վրաններում գիշերում էին տեղահանված ընտանիքներ։


Reuters-ի տվյալներով՝ Լիբանանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 687-ի, իսկ հարկադիր տեղահանվածների թիվը գերազանցել է 800 հազարը։


Էսկալացիան դրանով չի կանգնել։ Մարտի 13-ի առավոտյան Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող Լիտանի գետի վրայի Զրարիե կամրջին հասցված հարվածի մասին. սա, ըստ երևույթին, ընթացիկ արշավի շրջանակում առաջին դեպքն է, երբ իսրայելական բանակը հրապարակայնորեն ընդունում է քաղաքացիական ենթակառուցվածքի վրա հարձակումը։


Միաժամանակ լիբանանյան պետական լրատվամիջոցները հայտնել են Բեյրութի հյուսիսային ծայրամասում՝ Բուրջ Համուդում, բնակելի տան վրա հարվածի մասին.


Reuters-ը նշում է, որ սա այս պատերազմի ընթացքում առաջին հարվածն է մայրաքաղաքի՝ հիմնականում քրիստոնյա հյուսիսային արվարձաններին։


Այս ամենը մատնանշում է հակամարտության որակական փոփոխությունը. ռազմական գործողությունները դուրս են գալիս սահմանամերձ փոխադարձ հարվածների և հարավային շիա արվարձանների վրա հարձակումների շրջանակներից՝ հասնելով մայրաքաղաքի կենտրոն, Բեյրութի նոր շրջաններ և տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Այս ֆոնին ՄԱԿ-ն արդեն նախազգուշացրել է, որ քաղաքացիական բնակչության համար գինը չափազանց բարձր է դառնում, իսկ շուտափույթ դեէսկալացիայի նշաններ առայժմ չկան։

Leave a comment